ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթավերջին՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ անցկացված եռակողմ հանդիպումից հետո, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծելու բոլոր ձեւաչափերում երկխոսելու ճանապարհով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիի եռակողմ բանակցությունները։
ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտնել է, որ գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ տեւական խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, եւ կողմերին կոչ է անում մնացյալ հարցերը լուծելու բոլոր հասանելի ձեւաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու բոլոր նման ջանքերին, մասնավորապես մարդասիրական օգնություն ցուցաբերելու, վերականգնմանն ու խաղաղաշինությանն օգնելու ճանապարհով»,- ընդգծել է Հաքը: