ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ՝ խթանիչ չափաքանակը:
Նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: Ավանեսյանը նշել է, որ ոչ ՌՆԹ հիմքով՝ Moderna-ով, Pfizer-ով պատվաստված քաղաքացիներին խորհուրդ է տրվում երրորդ անգամ պատվաստվել տվյալ տեսակի պատվաստանյութով։
«Վերապատվաստման համար, այսինքն՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ եւ ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,- հիշեցրել է Ավանեսյանը:- Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ»:
Նախարարն ընդգծել է, թե վերջերս ամփոփված հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:
Հայաստանում արդեն իսկ կան երրորդ դեղաչափ ստացող քաղաքացիներ: «Մեզ համար շատ կարեւոր է, որ երրորդ՝ խթանիչ դեղաչափն առաջնակի կերպով ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ 65 տարեկանն անց քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, բուժաշխատողները»,- շեշտել է Ավանեսյանը:
Երրորդ չափաքանակը Եվրոպայում
Դեռ օգոստոսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արձակուրդի շրջանն ավարտվելուն պես Ֆրանսիայում տարեց մարդկանց եւ բնակչության խոցելի խմբերին կսկսեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինն առաջարկել:
Շաբաթներ առաջ էլ Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին հայտարարել էր ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակով պատվաստման նպատակահարմարության մասին: