Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում այսօր` նոյեմբերի 29-ին, քննարկման կդրվի մի բանաձեւ, որը տեղի կառավարությանը կոչ է անում ճանաչելսու Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նշել է, որ պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձեւը Ավստրալիայի կառավարությանը հորդորում է հավատարիմ մնալ 1948-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դատապարտման մասին կոնվենցիային եւ ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:
Սա 2020-ի փետրվարին հայ-ավստրալական, ասորա-ավստրալական եւ հունա-ավստրալական համայնքների ստեղծած համատեղ նախաձեռնության առաջին օրենսդրական հայտն է ։
Եթե ելույթ ունեցողների մեծ մասն այսօր բանաձեւին կողմ արտահայտվի, Ներկայացուցիչների պալատը կոչ կանի տեղի կառավարությանը ժողովրդի կամքը հաշվի առնելով ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: