Նոյեմբերի 29-ի առավոտյան աշխատակազմի հետ աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Սյունիքում ադրբեջանցիների ներկայությունը կենսական, սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծել բնակիչների համար։ Թաթոյանը Ճակատեն գյուղում ծանոթացել է խնդիրներին։
Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է ճակատենցի Գեւորգ Ավագյանի պատմությունը: Ավագյանի ընտանիքին պատկանող տան անմիջապես վերեւում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետն է: Ընտանիքը զրկվել է եկամտից եւ շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ այսօրվա այցի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը տեղեկացել է, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքի ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին։
ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ այլ խնդիրներ ու խոչընդոտներ:
«Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից»,- շեշտել է պաշտպանը։
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանցիների արարքները հանցավոր են, քանի որ խաթարում են մարդկանց բնականոն կյանքը եւ կատարվում են դիտավորությամբ: Նրանց գործողությունները Հայաստանի, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ավելի մեծ մարդասիրական խնդիրների առաջ են կանգնեցնում:
ՄԻՊ-ը նշել է, որ աշխատակազմի հետ Սյունիքի մարզ է մեկնել՝ առաջնահերթ ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների եւ մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ կապված: ՄԻՊ-ը նախատեսում է մանրամասն ուսումնասիրել բնակիչների իրավունքների վիճակը։