Իմ մանկության գյուղի սարերում կոլտնտեսությունը ֆերմա ուներ, կից՝ երկու տնակ։ Մեկը՝ կթվորուհիների, մյուսը՝ հորթարածների, նախրապանների համար։ Նրանք տուն գալիս էին հերթափոխով՝ մաքրվելու, շոր փոխելու, խանութից հարկավոր գնումներ անելու։ Երեւի տնեցիներին մածուն էին բերում, մի գլուխ պանիր կամ դույլով՝ սարի իծապտուկ մոշ, կաթուկ հոն, անտառի պնդակեղեւ տխիլ։ Չգիտեմ, բայց անջինջ է պատկերը, թե ինչպես են քարկապի դժվարանց կածանով իջնում, բարակաջուր գետակն անցնում եւ ցրվում տներով։ Հաջորդ օրը նույն կածանով նրանք բարձրանում, գնում էին իրենց գործին։
Այդ թութուն փաթաթող տղամարդիկ, միշտ ծաղկանախշ լաչակ կապող կանայք սարի ճանապարհին ծերացան, մեկ առ մեկ անկողին ընկան, մահացան, պատվով հողին հանձնվեցին, եւ գյուղի արդեն պետական վերանվանված տնտեսության ղեկավարությունը մնաց շվարած․ «Հորթերն ո՞վ է հանդ տանելու, կիթն ո՞վ է անելու, նախիրն ո՞վ է արոտի տանելու»։
Բանակային ծառայությունից վերադարձողը միայն վարորդ, ծայրահեղ դեպքում տրակտորիստ-կոմբայնավար էր ուզում աշխատել, դպրոցն ավարտած աղջիկների ճանապարհը դեպի Ստեփանակերտ էր, համալսարան կամ ինստիտուտ ավարտածները մնացել էին Երեւանում, եւ նրանց ուսուցիչ, հաշվապահ կամ բրիգադավար ծնողներն ինչքան բանկային խնյողություններ ունեին, հանում-տալիս էին, որ կոոպերատիվ բնակարանի հերթ բռնեն։
Դա՝ անցյալ դարի 70-ականներին։ Գյուղը «քաղաքակրթվել էր»։ Գյուղերում կոմերիտշրջկոմի քարտուղարին քաղաքավարի լսում էին, որ «արտագնա աշխատանքը բարոյա-հոգեբանական բեռ է կանանց, երեխաների համար», որ «տեղում էլ կարելի է լավ վաստակել», բայց ամեն գարնան հետ, միեւնույնն է, ճամպրուկները կապում, գնում էին ռուսաստաններ, ուշ աշնանը վերադառնում, մի քանի օր կերուխում էին անում՝ միշտ մտածելով, որ բերած փողից «կարելի է մի բան տալ, անտառապահ կամ բնության պահպանության վարչության տեսուչ նշանակվել»։
Սարի ֆերմայում Լաչինից մի թուրք հաստատվեց՝ կանանցով, մի տասնյակին մոտ երեխաներով։ Սարի ֆերմայում հոսանք չկար, կթվորուհիների, հորթարած-նախրապանների կացարաններն անսվաղ էին, հողահատակ։
Թուրքի ընտանիքը, սակայն, երջանիկ էր․ հարյուր կով, քառասուն-հիսուն հորթ տնտեսությունն ուներ, կեսի չափ էլ՝ ինքը։ Գումարած ոչխարը, ձիերը։ Նրա երեխաները ոտաբոբիկ էին։ Նրա կանայք լվացքը փռում էին սալ քարերին, որոնց վրա ով գիտի՝ ո՞ր դարում հայ մարդը կոպիտ խաչանշաններ էր փորագրել։ Նրա կերակուրը եփվում էր «նախնադարյան» պղնձե կաթսայում՝ դրսի եռոտանու վրա։ Նրա թեյամանը եռում էր տաք մոխիրների վրա, բայց թուրքը երջանիկ էր։ Սարերն իրենն էին, գյուղից սարի արոտներ բարձրացած անասունը՝ նույնպես։ Ձիու թամբին ձիգ նստած՝ նա ոտաբոբիկ տղաներին մերկ ձիու էր վարժեցնում։ Սարերն իրենցն էին, իրենցն էին իծապտուկ մոշը, քոլատանձը, հոնը, պնդակեղեւ տխիլը։ Ամեն ինչ իրենցն էր։
Եվ եղավ այնպես, որ գյուղական խորհուրդը որոշեց մարդուն տնատեղի ու տնամերձ հող հատկացնել։ Խորհրդային երկիր, պետական տնտեսության առաջավոր նախրապան, հորթարած, կթվոր՝ այդ աշխատավոր ընտանիքին ինչպե՞ս մերժեին։ Տուն՝ սարի ճամփի վրա։ Տուն՝ մայրուղուն մոտ, որ Խաչենի կամրջից իջնում, խառնվում էր Աղդամի գծին։ «Քաղաքակրթված» գյուղ էր, շինվերանորոգման առանձին գրասենյակ ուներ, որ խորանարդ քար, ցեմենտ, թիթեղ, երկաթեղեն եւ ատաղձանյութ էր ստանում։ Միայն թե փող ունենար մարդ, երկու-երեք ամսում տուն կկառուցեր։ Թուրքը փող ուներ, կանխավճարն արդեն մուծել էր։
Դա՝ 1982-ի աշնանը։ Եվ հաջորդ գարնանն արդեն բնակարանամուտ էր տոնելու, եթե շրջկոմի նորանշանակ քարտուղար Վահան Գաբրիելյանը բոլոր պայմանավորվածությունները կամային մի հայտարարությամբ չեղյալ չաներ եւ չկարգադրեր, որ «քսանչորս ժամ հետո էդ մարդը պիտի Լաչինի իր գյուղում, իր տանը լինի»։- Թուրքն, իհարկե, դիմադրեց, մեր «քաղաքակրթվածների» օգնությամբ հեռագրեց Բաքու, որ «խորհրդային երկրում խորհրդային քաղաքացուն վտարում են իր գյուղից», բայց Վահան Գաբրիելյանն անդրդվելի էր։ Միայն իրեն հայտնի աղբյուրներից պարզել էր, որ թուրքը Լաչինում գողության կասկածանքով հետախուզման մեջ է։
Թուրքի տղաներից ավագն արդեն ձիավոր-սպառազեն ավազակ էր, անասունը, ոչխարը սարերով քշեց, մյուսներին միլիցիան բեռնամեքենայի թափքում տեղավորեց եւ «պատվո պահակախմբով ուղեկցեց» Լաչին։ Ֆերման իջեցրին գյուղամերձ տարածք, մեկ-երկու հոգու մի կերպ համոզեցին, որ հորթարած ու նախրապան լինեն, մինչեւ «տեսնեն ինչ են անելու»։ Եվ դարձյալ բերեցին, կթվորուհի կարգեցին թրքուհու։ Այդպես։ Այդպես՝ բոլոր գյուղերում, որ «քաղաքակրթված էին» եւ կիթ անել, կովին կեր տալ, արոտ տանել չէին ուզում։
Մենք «քաղաքակրթված ենք»։ Եթե բջջային կապը կամ համացանցը հասանելի չէ, այնտեղ «ի՞նչ կյանք»։ «Քաղաքակրթվածությունը» մեր հայրենիքը մեր աչքում նսեմացնում-տգեղացնում է։ Երեւանի կենտրոնում հայ մարդը հայ մարդու բողոքի ցույցին ընդդիմանում է, թե «Կրասնոդարից մի քանի օրով եկել եմ հայրենիք վայելեմ, խանգարում եք»։ Չի հարցնում՝ «էս ինչի՞ եք հավաքվել, ի՞նչ խնդիր ունեք, գուցե մի բանով օգտակար կլինե՞մ»։ Շատ պե՞տքն է։ Եկել է Թամանյանի կերտած կառավարական շենքի մոտ «մի հատ սելֆի անի», տանի, Կրասնոդար ցույց տա եւ հպարտանա, որ Հայաստանը 7 հազարամյա պատմություն ունի, իսկ մեր թատրոնը 2 հազար տարեկան է։
Հա, մեր սարում հաստատված թուրքի կանայք հարազատ քույրեր էին։ Ու երբ սար բարձրացած մերոնցից մեկը թուրքի առաջին կնոջն ակնարկել էր, թե «դժվար չէ՞», թրքուհին քարը ձեռքին հարձակվել, «քոփակին» սպառնացել էր, թե գլուխը կջարդի։ Ասել էր․ «Քո ի՞նչ գործն է»։ Թուրքի անունը մոռացել եմ, միայն հիշում եմ, որ խորհրդավոր երկյուղածությամբ ասում էին, որ գողի-ավազակի նրա մականունը «Իլդըրըմ» է։ Թարգմանաբար՝ «կայծակ»․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։