Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին դատապարտել 5 տարվա ազատազրկման եւ 375 հազար եվրոյի չափով տուգանքի։
Դատախազությունը պնդում է, որ 1 տարին Ֆիյոնը պատիժը կրի բանտում, իսկ մնացած 4 տարին՝ տնային կալանքի տակ՝ էլեկտրոնային ձեռնաշղթայով։
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի գործով դատավարությունը Փարիզի Վերաքննիչ դատարանում սկսվել է նոյեմբերի 15-ին։ Ֆիյոնի գործը կապված է 1998-2013 թվականներին պետական միջոցների վատնման եւ հանրային գույքի չարաշահման հետ։
Նախկին վարչապետի շուրջ աղմուկը սկսվել է 2017-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Canard enchaine պարբերականի հոդվածից, ըստ որի՝ նախկին վարչապետի կինը ութ տարի աշխատավարձ է ստացել որպես նրա կեղծ խորհրդական-օգնական:
Պենելոպա Ֆիյոնը որոշ ժամանակ գումար է ստացել Revue des Deux Mondes ամսագրում աշխատելու համար, սակայն հրապարակումը կասկածի տակ է դրել նաեւ այդ աշխատանքի իսկությունը: Այդ ընթացքում Պենելոպա Ֆիյոնը պետական գանձարանից ստացել է 613 հազար եվրո։