Հյուսիսատլանտյան դաշինքը կրկին զգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիվ քայլ կարող է հանգեցնել լուրջ քաղաքական եւ տնտեսական հետեւանքների։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լատվիայում հայտարարել է, որ ծանր հետեւանքներից խուսափելու համար Ռուսաստանը պետք է թափանցիկ գործի եւ նվազեցնի լարվածությունը Ուկրաինայի հետ սահմաններին։
Ստոլտենբերգը Ռիգայում է դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու նպատակով։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւս ժամանել է Ռիգա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը։ Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա դաշնակից երկրների գործընկերների հետ։
Քննարկվելիք հարցերի թվում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը եւ դաշինքի արեւելյան թեւում միգրանտների ճգնաժամը:
Ակնկալվում է, որ Ռիգայում կքննարկվեն նաեւ Ուկրաինայի զինված ուժերին հավելյալ աջակցության տրամադրման եւ Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան սահմանի երկայնքով տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի հզորացման հարցերը:
Արդեն մի քանի շաբաթ է՝ Արեւմուտքն ու Կիեւը հայտարարում են Ուկրաինայի վրա հարձակվելու Մոսկվայի ծրագրերի մասին։ Մոսկվան հերքում է՝ հայտարարելով, թե Կիեւն է Արեւմուտքի աջակցությամբ մտադիր հարձակվել Դոնբասի վրա։
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ առաջիկայում Բելառուսի հարավային սահմանի երկայնքով Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ստեղծվում զորախմբեր մեր պետական սահմանների շուրջն արեւմտյան ու հարավային ուղղություններով։ Հարեւան երկրներն ակտիվորեն ռազմականացվում են, եւ դա մեզ չի կարող չանհանգստացնել, ուստի ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- շեշտել է Խրենինը։
Ալեքսանդր Լուկաշնկոն նոյեմբերի 29-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունում զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Արեւմուտքն ուժեղացնում է «հիբրիդային ճնշումը» Մինսկի նկատմամբ՝ դրանով փորձելով թուլացնել նաեւ Ռուսաստանի դիրքերը՝ նախեւառաջ ուկրաինական ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ եթե նորից պատերազմ հրահրվի Դոնբասում կամ որեւէ տեղ Ռուսաստանի սահմանին, Բելառուսն անմասն չի մնա։ «Եվ պարզ է, թե ում կողմից է լինելու Բելառուսը։ Ուկրաինայում դա հասկանում են, ուստի սկսել են ամրապնդել իրենց հյուսիսային սահմանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։