Կարիբյան ծովի արեւելքում գտնվող Բարբադոս կղզին պաշտոնապես հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գերիշխանությունից՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը:
Հանրապետության հաստատման եւ նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել Բարբադոսի անկախության 55-ամյակի տոնակատարության օրը, որը երկիրը ստացել է դեռ 1966-ի նոյեմբերի 30-ին: Սակայն մինչեւ այժմ պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին էր:
Ըստ բրիտանական BBC-ի՝ Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Դեյմ Սանդրա Մեյսոնը երդում է տվել իբրեւ նորաստեղծ հանրապետության նախագահ:
Միջոցառմանը մասնակցել են արքայազն Չարլզը եւ բարբադոսցի երգչուհի Ռիհաննան: Արարողության ժամանակ հանրաճանաչ երգչուհուն Բարբադոսի Հանրապետության ազգային հերոսի կոչում է տրվել։
Ռիհաննան 2018-ի սեպտեմբերին Բարբադոսի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել: Նրա պատասխանատվության ոլորտում են կրթության, զբոսաշրջության եւ ներդրումների հարցերը:
«Ձեզ ենք ներկայացնում Բարբադոսի ազգային հերոսին՝ դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենտիին»,- արարողության ժամանակ ասել է վարչապետ Միա Մոտլին՝ խոսքը շարունակելով Ռիհաննայի երգերից մեկից մեջբերմամբ. «Շարունակիր փայլել ադամանդի պես եւ քո ժողովրդին փառաբանիր քո խոսքերով ու գործողություններով»:
Սեպտեմբերի վերջին Բարբադոսի խորհրդարանը միաձայն հավանություն տվեց Սահմանադրության փոփոխություններին, որոնք թույլ են տալիս հրաժարվել կառավարման միապետական ձևից և երկիրը վերածել հանրապետության։ Գրեթե մեկ ամիս անց խորհրդարանը կողմ քվեարկեց կղզու գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնին առաջին նախագահ նշանակելու օգտին: