Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջրի» կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կլինի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ հոկտեմբերին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. 1 խ/մ-ի գինը 180 դրամի փոխարեն առաջարկելով սահմանել շուրջ 223 դրամ։
«Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության եւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր»,- նշված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։