Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ««Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի տրանսպորտային հիմքի ստեղծումը» զեկույցում նշել է, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացումը եւ այդ նախագծին Հայաստանի միացումը հանրապետությունը կդարձնեն կարեւոր տարանցիկ հանգույց եւ կընդլայնեն դեպի արտաքին շուկաներ ելքը։
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որն այժմ շինարարության ավարտական փուլում է եւ պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է լրացվել Քվեշեթ-Կոբի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածով, որից՝ Վրաստանի տարածքում 10 կիլոմետրանոց թունելով:
«Վերին Լարս անցակետի ռուս-վրացական ավտոմոբիլային կետ տանող ճանապարհին փոխարինող ուղու կարգավիճակում թունելը Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման եւ արտաքին շուկաներում նրա ապրանքների հասանելիության համար նոր հեռանկարներ կբացի։ Հայաստանը կարող է կարեւոր տարանցիկ հանգույց դառնալ «Հյուսիս-հարավ» ճանապարհին միանալու շնորհիվ: Հնդկաստանն ու Իրանն ակտիվորեն աջակցում են այդ նախաձեռնությանը»,- ընդգծել է ԵԱԶԲ-ը։
Բանակցությունների հիմնական թեման Հայաստանի մասնակցությունն էր
Իրանում Հնդկաստանի դեսպանը դեռեւս 2021-ի մարտին ասել է, որ Հայաստանի միացումը «Հյուսիս-հարավ» նախագծին կարող է իրականացվել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով: Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի եւ Հնդկաստանի համար։ Հոկտեմբերին Երեւան էր ժամանել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների հիմնական թեման Հայաստանի մասնակցությունն էր լայնածավալ նախագծին։
Զեկույցում նշված է, որ Հնդկաստանը կարող է ամրապնդել դիրքերը «Հյուսիս-հարավ» նախագծում՝ կարճ ճանապարհ ստանալով դեպի Վրաստան, Սեւծովյան ափի նավահանգիստներ եւ ԵԱՏՄ շուկա:
Ըստ զեկույցի՝ այս պահին Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանով, իսկ իրանական ապրանքների առաքումները Եվրոպա իրականացվում են Թուրքիայի տարածքով: Հայաստանի օգնությամբ Իրանը կարող է դիվերսիֆիկացնել ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպա բեռների մատակարարման երթուղիները։
Կկրճատի հեռավորությունը վրացական սահմանից մինչեւ իրանական սահման
Հայաստանի միացումը միջազգային տրանսպորտային միջանցքին հնարավոր կլինի միայն «Հյուսիս-հարավ» ազգային ավտոմոբիլային մայրուղու հատվածի շինարարության դեպքում, ինչը կկրճատի հեռավորությունը վրացական սահմանից մինչեւ իրանական սահման:
Զեկույցում նշված է, որ Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները միջանցքի հետ կապված ընթացիկ մարտահրավերները քննարկել են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շրջանակում Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի նոր հատվածի կառուցման ընթացքի մասին։
Կհեշտացնի ելքը դեպի Իրան
ԵԱԶԲ փորձագետներն ընդգծել են, որ սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատել է երկրի հարավային շրջանները Հայաստանի կենտրոնին կապող հատվածի կառուցման ներդրումային ծրագիրը: Այժմ ընթանում են Քաջարան-Ագարակ հատվածի նախագծային աշխատանքները․ դա կհեշտացնի ելքը դեպի Իրան:
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների շինարարությունը կիրականացվի միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ՝ ներառյալ տենդերների անցկացումը եւ ֆինանսական ռեսուրսների ներգրավումը:
«Հյուսիս-հարավը» 7200 կմ երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչեւ Հնդկաստան՝ Մումբայի նավահանգիստ, որպես այլընտրանք Սուեզի ջրանցքով Եվրոպան, Պարսից ծոցի երկրները եւ Հնդկական օվկիանոսը կապող ծովային ճանապարհի։