Հայաստանից հետո, երբ հայտնվում ես Վաշինգտոնում, սկզբնական շրջանում շարունակ զարմանում ես այն ամենից, ինչ շրջապատում է քեզ, քաղաքակրթության նոր որակներից, այս հսկա եւ անծայրածիր երկրի հնարավորություններից։ Զարմանքի աղբյուրներից մեկն էլ կենդանական աշխարհն է։ Խոսքը քաղաքում, բնակելի տարածքներում հանդիպող կենդանիների մասին է։
Այստեղ ամեն քայլափոխի կարելի է տեսնել սկյուռների, նապաստակների, եղնիկների, որոնք ազատ եւ պաշտպանված ապրում են այգիներում, կանաչապատ տարածքներում, անկաշկանդ մոտենում են մարդկանց բնակավայրերին։ Եղնիկները շատ հաճախ նույնիսկ իջնում են նաեւ գերեզմանների տարածքներ։ Մարդիկ սարերից իջած եւ իրենց հարազատի թաղման արարողությանը մասնակցող եղնիկներին, որոնք հաճախ ընտանիքներով են գալիս, վերագրում են առասպելական խորհուրդ՝ իրենց հարազատների հոգիների վերամարմնավորումը նրանց մեջ տեսնելով։
Իսկ վերջիններս, ընդամենը թարմ ծաղիկների հոտն առած, գալիս են դրանց հետեւից եւ մեծ ախորժակով ուտում։
Այստեղ սկյուռներն իրենց զանազան տեսակներով այնպիսի ինքնավարություն եւ ազատություն են վայելում, որ մի պահ թվում է՝ մանկության ֆիլմերում եւ մուլտֆիլմերում տեսած երգող, պարող, արտասանող սկյուռների մասին սյուժեները ոչ թե հորինվածք են, այլ բացարձակ իրականություն։
Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ հատկապես մոխրագույն սկյուռներն այս երկրում ունեն սահմանափակ իրավական պաշտպանվածություն, ինչը նշանակում է, որ նրանց կարելի է վերացնել, բայց մի կարեւոր նախապայմանով՝ միայն մարդասիրական մեթոդներով․․․ Նրանց տանջելով սպանել չի կարելի։ Նրանց պետք է գայթակղել, քնքուշ բռնել, դնել վանդակի մեջ, տանել մարդկանց տեսադաշտից հեռու եւ մեկ դիպուկ հարվածով գլխին․․․ սատկեցնել։
Այս տարածքների բնության հրաշքների մասին խոսելիս չենք կարող շրջանցել ցիկադներին։ Սրանք բնության մեջ բացառիկ հետաքրքիր երեւույթներ են։ Ցիկադները թռչող միջատներ են, որոնք հիմնականում ապրում են հողում եւ որոշակի պարբերականությամբ դուրս գալիս հողի տակից՝ ձվադրելու նպատակով։ Ցիկադներն իրենց էությամբ միֆի մարմնացումն են, նյութեղենացումը՝ մի բան, ինչը գրեթե անհնար է իրականության մեջ։ Եվ պատահական չէ, որ նրանց մասին վկայություններ կան հունահռոմեական գրականության մեջ` Հոմերոսի «Իլիականում», Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի փիլիսոփայական մտքերում, որոնցում ներկայացվում են որպես հավերժության, վերածննդի խորհրդանիշներ։
Աշխարհում գոյություն ունեն 3000-4000 տեսակի ցիկադներ, սակայն սրանց մեջ կա մեկը, որի շրջափուլը 17 տարվա պարբերականությամբ է լրացվում։ Իրենց տեսակի մեջ սրանք եզակի են եւ հանդիպում են հենց այստեղ՝ Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասում:
Ամենաբնորոշ արտաքին հատկանիշն այն է, որ ունեն կարմիր խոշոր աչքեր։ 17 տարի հողի տակ ծառերի արմատահյութով սնվելուց հետո ցիկադները, սովորաբար գարնանը՝ մայիսի կեսերին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 18 աստիճանի, զանգվածաբար դուրս են գալիս երկրի մակերես:
Երկու սանտիմետրի չափով անցքեր են անում հողի միջից, դուրս են գալիս՝ հարյուր հազարներով հեղեղելով տարածքը։
Ցիկադներն արտաքին աշխարհի գիշատիչներից պաշտպանվելու մի ձեւ ունեն՝ համախմբվածությունը։ Նրանք տարածվում են հսկայական պարսերով՝ խուսափելով գիշատիչներին կեր դառնալու վտանգից։
Այս տեխնիկան հատուկ անուն ունի անգամ եւ կոչվում է գիշատիչի հագեցում (predator satiation): Երկրային կյանքի կուլմինացիոն պահին նրանք ամենուր են՝ օդում, հատակին, ծառերի բներին։ Որպեսզի պատկերացնեք, թե որքան մեծ քանակով են նրանք ողողում տարածքը, նշենք, որ ԱՄՆ-ի արեւելյան որոշ տարածքներում ցիկադները մեկուկես միլիոնանոց «բանակով» հեղեղում են 4000 քառակուսի մետր տարածք:
Գետնից բարձրանալով՝ ցիկադները հայտարարում են իրենց ժամանման մասին՝ բարձր, ցերեկային ժամերին չընդհատվող բզզոց-կանչերով։ Այդ ձայնը նրանց զուգավորման ձայնն է։ Արուները շարժվում են դեպի ծառերի գագաթները եւ արձակում բարձր աղմուկ, որն իր ուժգնությամբ հավասարազոր է խոտ հնձող մեքենայի կամ մոտոցիկլետի ձայնի ինտենսիվությանը: Ցիկադների հասցրած հիմնական վնասը բնությանը վրա է հասնում այն ժամանակ, երբ էգ ցիկադներն անցքեր են փորում ծառերի բարակ ճյուղերի մեջ, որոնցում էլ ձվադրում են:
Կուտակված ձվերն ի վերջո դուրս են գալիս, փորում հողը, անցնում հողի տակ, եւ նորից սկիզբ է դրվում նրանց 17-ամյա ստորգետնյա կյանքին։ Այնինչ հողի վրա նրանց «ծնողներն» ավարտում են իրենց կյանքը։
Սատկած ցիկադների դիերը կուտակվում են ծառերի տակ եւ խոտերի վրա՝ վերադառնալով հողին արդեն սննդանյութի տեսքով, որով սնվելու են ծառերը եւ, ի վերջո, ցիկադների «ժառանգները», որոնք սնվում են ծառի արմատների հեղուկով:
Վերջին անգամ ցիկադները հողի տակից դուրս էին եկել 2004 թվականին, եւ այս տարի գարնանը մենք ականատես եղանք բնության այդ եզակի երեւույթին։ Իհարկե, մարդու համար ցիկադները անհարմարություն են, երբեմն նույնիսկ՝ տհաճ, իսկ երեխաների համար՝ նաեւ վախենալու, քանի որ նրանք զարկվում են մեքենաների ապակիներին, մտնում մարդկանց ականջների, մազերի մեջ, բարձրանում մարմնի տարբեր մասերի վրա։ Սակայն երբ հաղորդակից ես լինում նրանց խորհրդին, վերաիմաստավորում ես նրանց գոյությունը բնության մեջ։
Եվ այս վերածննդի՝ ծննդյան, զուգավորման ու մահվան ամբողջ շրջափուլը տեւում է մոտ վեց շաբաթ, մինչեւ հողը նորից վերադառնում է իր նախկին վիճակին՝ նախապատրաստվելով ցիկադների հաջորդ սերնդի ի հայտ գալուն արդեն 2038 թվականին: Իսկ ցիկադներից մնում է նրանց անհավանական բզզոցի ձայնը, որը երկար ժամանակ արձագանքում է մարդկանց ուղեղներում՝ հիշեցնելով բնության այս հրաշքի մասին։
Ալվարդ Սեմիրջյան