Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր տեսաելույթում կրկին Երեւանին ու Բաքվին կոչ է արել երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրները լուծելու երկխոսության միջոցով։
Միշելն ընդգծել է, որ ձգձգված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանի համար եւ պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան նոր ջանքեր:
Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է դերակատարություն ստանձնել հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման ուղղությամբ, ինչը պահանջում է վստահության ամրապնդում ու կայուն կարգավորման խթանում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները վկայում են, թե որքան փխրուն է իրավիճակը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Երկու երկրների քաղաքացիական հասարակությունները եւս կարող են նպաստել դրան՝ կամրջելով հանրությունները եւ աջակցելով հաշտեցմանն ուղղված ջանքերին»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։