Քաղաքական գործիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի կազմած «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» գիրքը հրատարակվել է նաեւ անգլերեն: Ժողովածուում տեղ են գտել մի շարք հոդվածներ 1990-ականներին Հայաստանում իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, իսկ հոդվածագիրները հիմնականում այն պաշտոնյաներն են կամ գործիչները, որոնք ղեկավարել կամ իրականացրել են այդ գործընթացները: Թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տարբերակների հրատարակումը հնարավոր է դարձել Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի շնորհիվ։ Գիրքը նվիրվում է Գերագույն խորհրդի կազմավորման եւ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին եւ գնահատանքի տուրք է նրանց, ովքեր իրականացրել են ազատականացման պատմական գործընթացը:
Հայերեն տարբերակը (երկու հատոր) արդեն ներկայացվել է ընթերցողին, երեկ տեղի ունեցավ անգլերեն թարգմանության շնորհանդեսը: Ինչպես նշեց Արամ Մանուկյանը, հոդվածների այս ժողովածուն փորձ է ներկայացնելու իննսունականների ազատական բարեփոխումների ընթացքը եւ խորհրդային պլանային տնտեսությունից ազատ շուկայական տնտեսության անցումը։ «Ինքնատիպ ժողովածու է, քանի որ իրենք՝ հոդվածագիրները, եղել են անմիջական մասնակիցը, նախաձեռնողը, օրենք գրողը կամ իրագործողը, այսինքն՝ կանգնած են եղել Հայաստանի ազատականացման ակունքներում։ Նրանց մի մասը գործել է Գերագույն խորհրդում, մի մասը՝ կառավարությունում, մի մասն էլ՝ եւ՛ այնտեղ, եւ՛ այնտեղ։ Ինչպես բարեփոխումների իրականացման շրջանում, այնպես էլ հիմա, հեղինակները միմյանց չհամընկնող մոտեցումներ ունեն, եւ հոդվածներում կարելի է տեսնել հեղինակային գնահատականներ, որոնք հակադրվում են մյուսների կարծիքներին։ Ասել է թե՝ ազատականության սկզբունքը պահպանված է նաեւ այստեղ»,- ասաց ՀՀ անկախությունն ու ազատական բարեփոխումները գրքի տեսքով ներկայացնելու գաղափարի հեղինակը:
Ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսին թե՛ Արամ Մանուկյանը, թե՛ ելույթ ունեցած մյուս հոդվածագիրները նշեցին, որ գրքի նպատակներից է նաեւ հնարավորինս հերքել 1998 թվականին իշխանության եկած ուժերի՝ շուրջ քսան տարի իննսունականների ժամանակաշրջանի մասին սանձազերծած վարկաբեկիչ կեղծիքները, որոնք դարձել են նույնիսկ դպրոցական ու բուհական դասագրքերի անբաժանելի մասը՝ նսեմացնելով ու խեղաթյուրելով Ղարաբաղյան շարժման ու ազատական բարեփոխումների էությունը։
Կազմողները նպատակ ունեն «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» գիրքը դարձնել օժանդակ ձեռնարկ բարձրագույն ուսումնական հաստատություններում, եւ ինչպես նշեց Արամ Մանուկյանը, արդեն դրական արձագանքներ կան այդ առումով, գիրքը կմտնի համալսարաններ, նոր սերունդն արդեն կկարողանա նոր հայացքով նայել մեր անցյալին:
Շնորհանդեսին ներկա էր հոդվածագիրների մեծ մասը, ելույթ ունեցան 1993-1994 թվականներին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը, 1994-1998 թվականներին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, 1990-1995 թվականներին ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ պատգամավոր Աշոտ Ոսկանյանը, 1990-1993-ականների ՀՀ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը, 1991-1997 թվականների արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանը:
Գրքերը հասանելի են նաեւ Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» շտեմարանում, իսկ անգլերեն թարգմանության մեջ յուրաքանչյուր հոդվածի սկզբում տեղադրված է արագ արձագանքման (QR) կոդ, որն ակտիվացնելու դեպքում հնարավոր է հեղինակների ներկայացմամբ տեսագրության միջոցով ծանոթանալ հոդվածների կարճ բովանդակությանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։