Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի լրագրող եւ հրապարակախոս Էրիկ Զեմուրը հաջորդ տարի կպայքարի նախագահի պաշտոնի համար։
«Ֆիգարո» ազդեցիկ պարբերականի նախկին մեկնաբան, «Ֆրանսիական թախիծ» եւ «Ֆրանսիայի ինքնասպանությունը» գրքերի հեղինակ Էրիկ Զեմուրը տեսաուղերձում հայտարարել է 2022-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
«Դուք չեք արտագաղթել, սակայն այնպիսի զգացողություն ունեք, ասես այլեւս տանը չեք։ Դուք չեք լքել ձեր հայրենիքը, ձեր հայրենիքն է լքել ձեզ։ Ֆրանսիան բարեփոխելու ժամանակն անցել է, այժմ Ֆրանսիան փրկելու պահն է»,- դիմելով կողմնակիցներին` հայտարարել է Զեմուրը։
Ըստ վերջին սոցհարցումների` ներգաղթի կտրուկ կրճատման օգտին հանդես եկող Զեմուրի օգտին պատրաստ է քվեարկելու ֆրանսիացի ընտրողների մոտ 13 տոկոսը։ Մի շարք հետազոտություններ վկայում են, որ Էրիկ Զեմուրը 2022-ի գարնանը նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու իրական շանս ունի։
63-ամյա Էրիկ Զեմուրը սերում է ալժիրցի հրեաների ընտանիքից։