Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք է մեկնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով:
Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը եւ համագործակցության «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում:
Կողմերը փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջեւ գործնական ծրագրերի իրականացմանը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջեւ կապերի ամրապնդմանը եւ փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:
«Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգեւոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը եւ, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարեւորել նաեւ տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովը:
Նա ընդգծել է, որ հարաբերությունների, առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում կարեւոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երեւան» առեւտրի տան եւ Երեւանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025 թվականների ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առեւտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում: