Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ իր «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր երկրներով։
«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապ պահպանելու մեջ։ Մեր ցեղակիցներն ու հայրենակիցներն էլ են տարբեր տարածքներում ապրում։ Մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ տալով տարբեր տոնայնություն։ Դա առաջին հերթին ամբողջ հետխորհրդային տարածքն է։ Իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր բազմաթիվ հայրենակիցներ բնակվում են Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն Ռուսաստանում է՝ Ալթայում։
Քարտեզն Էրդողանին նվիրել է Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության ղեկավար Դեւլեթ Բախչելին։ Էրդողանի եւ Բախչելիի լուսանկարը քարտեզի հետ տեղադրվել է կուսակցության Թվիթերում։
«Թյուրքական աշխարհում», Բախչելիի վարկածով, ներառված են Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արեւելյան Սիբիրը, Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի եւ Իրանի տարածքների մի մասը։