ՌԴ-ի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դեւինը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երեւանի ու Բաքվի միջեւ հակամարտության կարգավորումը եւ հնարավոր ամեն բան անում խաղաղության համար։
«Հուսով եմ՝ ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, ոչ թե այլ ինչ-ինչ պատճառներով»,- Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում ասել է նա:
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դեւինը նշել է, որ ԵՄ-ն ուժերից եկածն անում է եւ դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաեւ Անկարայի հետ։ «Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա եմ եղել Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը»,- հայտնել է նա:
Դեւինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքն է կամ դրա բացակայությունը: