Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել համաճարակների կանխարգելման մասին միջազգային համաձայնագրի կնքման հարցով բանակցություններ սկսելու որոշմանը։ Նախաձեռնությունը հավանության է արժանացել կազմակերպության անդամ 194 երկրների կողմից։
Ավստրալիայի ներկայացուցիչ Սալի Մենսֆիլդը հայտնել է, որ ներկայացված տեքստը լայն քննարկումների, անկեղծ մտքերի փոխանակման եւ փոխզիջումների արգասիք է։
Համաճարակների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնելու նպատակով կնքվելիք համաձայնագիրը պատրաստ կլինի 2024-ի մայիսին։ Համաձայնագրով կառույցի անդամ երկրները պարտավորվում են տվյալներ փոխանակել, հետազոտությամբ ստացված հնարավոր պատվաստանյութեր ու դեղեր փոխանակել եւ այլն։
ԱՀԿ անդամ երկրները հետեւել են կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի՝ ապագա համաճարակները կանխելու համար հնարավորինս շուտ միջազգային համաձայնագրի շուրջ բանակցելու հորդորին: «Այս ամենը կկրկնվի, եթե դուք՝ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներդ, չհամախմբվեք եւ միաձայն չասեք՝ այլեւս երբեք: Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը վկայում է, որ համավարակը չի ավարտվել: Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է նոր համաձայնագիր»,- ասել է Գեբրեյեսուսը:
Համագործակցել եւ ճամփորդել
ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշն էլ հորդորել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի պատճառով դարձյալ «չփակել աշխարհը»։
«Բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին կոչ եմ անում հաշվի առնելու ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունը՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների՝ վարակներից խուսափելու եւ ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը պահպանելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում:
Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել «Օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով:
ՀԱՀ-ի բժիշկները՝ «օմիկրոնի» մասին
Հարավաֆրիկյան բժիշկներն օտարերկրյա գործընկերներին հորդորել են խուճապի չմատնվել։ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ Անժելիկա Կոետցին շեշտել է, թե ախտանիշները շատ մեղմ են, հիվանդներին կարելի է հաջողությամբ բուժել տանը: «Դեռ չեմ լսել, որ այստեղի բժիշկներից մեկն ու մեկը ստիպված լինի հիվանդներին թթվածնի տեղափոխել»,- շեշտել է նա:
Հարավաֆրիկացի բժիշկ Ունբեն Պիլեյը պատմել է «Օմիկրոնով» վարակվածների ախտանշանների մասին: Բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ բան պնդելը դեռ վաղ է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի բռնվածությամբ: Կարծում եմ՝ դա վերաբերում է ՔՈՎԻԴ-19-ի՝ մինչեւ օրս եղած մյուս բոլոր ալիքներին»,- ըստ Bloonberg-ի՝ նշել է Պիլեյը:
ՀԱՀ-ի բժշկական ասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել է ուժեղ հոգնածությունը: Reuters-ը, վկայակոչելով հարավաֆրիկացի բժիշկներին, հաղորդում է, որ «Օմիկրոնով» վարակված հիվանդները հիմնականում բողոքում են հոգնածությունից, գլխացավից, մկանների ցավից։ Ընդգծվում է, որ հիվանդացածներից ոչ մեկը համի եւ հոտառության կորուստ չի ունեցել, արյան մեջ թթվածնի մակարդակի կտրուկ անկում չի արձանագրվել։ Դա մասնագետներին թույլ է տալիս ենթադրել, որ հոսպիտալացման խիստ անհրաժեշտություն չի լինի։
Հարավային Աֆրիկայում «Օմիկրոնով» վարակված հիվանդների միջին տարիքը 40 է, նրանց մեծ մասը կա՛մ պատվաստված չեն, կա՛մ հասցրել են ստանալ պատվաստանյութի մեկ դեղաչափ։ Ենթադրվում է, որ «օմիկրոնը»՝ B.1.1.529-ը ի սկզբանե զարգացել է թուլացած իմունիտետով, հավանաբար ՁԻԱՀ-ով կամ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդու օրգանիզմում:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում նոր վարակակիրների թիվը ՀԱՀ-ում աճել է 13 անգամ՝ 275-ից հասնելով օրական 3700-ի։
ԱՄՆ-ը լավատես է նոր շտամի հարցում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին հորդորել է խուճապի չմատնվել. «Եթե մարդիկ պատվաստված են եւ դիմակ են դնում, արգելափակման կարիք չկա: «Օմիկրոնը» անհանգստության պատճառ է, ոչ թե խուճապի»,- ասել է նա:
ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին նշել է, որ թեեւ դեռ վաղ է «Օմիկրոնի» մասին հստակ տվյալներ հաղորդելը, սակայն Հարավային Աֆրիկայից ստացված որոշ նախնական տվյալներից դատելով՝ որեւէ արտասովոր ախտանշան չկա։ Նա շեշտել է, որ պաշտպանվելու միակ միջոցը մնում է պատվաստվելը․ «Եթե դեռ չեք պատվաստվել, ուրեմն պատվաստվեք։ Եթե պատվաստված եք, ապա վերապատվաստվեք»։
Pfizer Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան CNBC-ին տված հարցազրույցում հայտնել է, թե Pfizer-ն ակնկալում է, որ իր փորձարարական ՔՈՎԻԴ-19 հակավիրուսային Paxlovid դեղամիջոցն արդյունավետ կլինի կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ։ «Վստահ եմ, որ այս դեղամիջոցն աշխատում է բոլոր հայտնի մուտացիաների դեպքում, որոնց թվում եւ Omicron-ի»,- ասել է Բուրլան: Ընկերությունը ներկայացրել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նոր դեղամիջոցը 89%-ով արդյունավետ է ռիսկի խմբի մարդկանց հոսպիտալացումը կամ մահը կանխելու համար: