Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է այլեւս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը:
Էրդողանը, նոյեմբերի 30-ին թուրքական TRT-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսների նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:
Թուրքիայի նախագահի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի՝ գրանցելով հերթական պատմական հակառեկորդը:
«Այն պահին, երբ պետք է երկրին վստահություն ներշնչել, հանգստացնել քաղաքացիներին, նախագահի եթերի ժամանակ դոլարի փոխարժեքը հատում է 13 լիրան, եթերից հետո հասնում մինչեւ 14-ի: Այսպիսի հայտարարությունները լիրայի վրա դիտավորյալ հարձակման բնույթ են ստացել: Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»,- գրել է Դավութօղլուն Թվիթերի իր էջում: