ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռիգայում տեղի ունեցած ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է մինչեւ 40-հազարանոց լրացուցիչ կոնտինգենտ ուղարկելու Լատվիա: Ինչ վերաբերում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակմանը, Ստոլտենբերգը նշել է, որ դրանից լավ ակնկալիքներ չունի:
«Մենք տեսնում ենք ծանր սպառազինություն, հրետանի, զրահատեխնիկա, դրոններ, ռադիոէլեկտրոնային համակարգեր եւ տասնյակ հազարավոր մարտունակ զորքեր: Մենք լավ գիտենք Ռուսաստանի «ծառայության ցանկը». նա ուժ է կիրառել հարեւան Եվրոպայի, Վրաստանի, Ուկրաինայի դեմ: Ռուսները զորքեր են ունեցել Մոլդովայում: Անշուշտ, անհրաժեշտ է չբացառել հավանականությունը, որ Ռուսաստանը դարձյալ ուժ կկիրառի»:
Նոյեմբերին ամերիկյան Politico եւ Bloomberg պարբերականները հայտնել էին Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին: Այդ հաղորդումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց ռուսական ներխուժման սպառնալիքի մասին: Իսկ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամս Բեռնսը ժամանեց Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ տեղեկությունները քննարկելու համար:
Վերջին ժամանակներս Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակումը լուրջ մտահոգություն է առաջացրել Արեւմուտքում: Վաշինգտոնը զգուշացրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հնարավոր ռուսական հարձակման մասին: Հենվելով վերոնշյալ տվյալների վրա՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը անգամ հավանական հարձակման ժամկետն է նշել՝ 2022-ի փետրվարը: Նա նաեւ հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին շուրջ 92 հազար զորք է կենտրոնացրել: Միեւնույն ժամանակ, Բուդանովի հարցազրույցին կցված ուկրաինական ռազմական քարտեզում նշված են տարածաշրջանում ռուսաստանյան մարտավարական 40 գումարտակների խմբավորումները, ինչը ենթադրում է ոչ ավելի, քան 36 հազար անձնակազմի ներկայություն:
Մոսկվան հետեւողականորեն հերքում է վերոնշյալ մեղադրանքները եւ դրանք որակում իբրեւ ապատեղեկատվություն, իսկ Արեւմուտքի մեղադրանքները գնահատում իբրեւ Ռուսաստանի հանդեպ սեփական ագրեսիվ ծրագրերը քողարկելու միջոց:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը