ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոկհոլմում դեկտեբերի 1-3-ն անցկացվող ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարության անդամների միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը։
«Հորդորում ենք կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերի, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության հարցում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ առաջընթաց կգրանցվի Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման գործում: «Հուսով եմ` այս հարցում մենք բոլորս կկարողանանք միասին աշխատել»,- շեշտել է նա։
«Կողմերին կոչ ենք անում լուծելու այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են սահմանազատումն ու սահմանագծումը, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը եւ շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու խաղաղ լուծման»,- ընդգծել է Բլինքենը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման անցկացում ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում։