ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսված սահմանափակումներին ու այդ առնչությամբ հնչած բողոքներին, հայտնել է, որ ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, հակառակ դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։
Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2022-ի հունվարի 1-ից մշակութային միջոցառումներին եւ հանրային սննդի վայրեր մուտք կգործեն միայն պատվաստման կամ էլ թեստավորման հավաստագրով։ «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն էլ հայտարարել էր, որ չեն հնազանդվի կործանարար որոշումներին։
«Նման արտահայտությունները որեւէ կերպ չեն տեղավորվում իրավական պետության շրջանակում»,–ասել է Ավանեսյանը` մեկնաբանելով ասոցիացիայի հայտարարությունը։
Ըստ նախարարի` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական եւ առողջապահական վիճակի առաջ ենք կանգնում։
Ավանեսյանը վստահեցրել է, որ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակումները հնարավորություն են տալիս պաշտպանելու ոչ միայն մարդկանց կյանքն ու առողջությունը, այլ նաեւ տնտեսությունը, ռեստորանների գործունեությունը։ Ավանեսյանը հավելեց` երբ իրավիճակը դուրս է գալիս կառավարելիության մակարդակից, ազդում է բոլոր ոլորտների վրա։