Այս տարվա աշունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակաշրջան էր, դեկտեմբերի 5-ին էլ մի քանի խոշոր համայնքներում կլինեն ավագանու եւ, ըստ էության, համայնքի ղեկավարի ընտրություններ։
Անցած ընտրությունների ժամանակ, հատկապես Սյունիքում, իշխող ՔՊ կուսակցությունը, չնայած ձեռնարկած օրենսդրական եւ դրանից բխող քայլերին, այդպես էլ չկարողացավ հաղթանակ տոնել, ինչը եկավ ապացուցելու, որ եթե դու ընդունելի չես, անգամ քո փոփոխած օրենսդրությունը քեզ չի փրկի։
Իսկ ո՞րն է այդ փոփոխությունը, որի շնորհիվ ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանը հույս ունեին ամենուր հաստատելու իրենց իշխանությունը կամ, ըստ էության, իրենց դիկտատուրան՝ վերից վար։
Ահա այն. 2020 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովն ընդունել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք, որով սահմանվել է, որ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
«Հեղափոխական» իշխանությունների, ոչ թե «նախկինների» ընդունած այս փոփոխությունը բացարձակապես անտրամաբանական է եւ որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ։
Օրինակ, երբ վարչապետի լիազորության ժամկետը լրանում է, նա շարունակում է պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը, նույնը նաեւ նախագահի դեպքում։ Ինչո՞ւ համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո պիտի պաշտոնակատար նշանակվի, ընդ որում՝ նրան նշանակի վարչապետը։ Նախկին համայնքապետը կարող է շարունակել իր պաշտոնավարումը մինչեւ նորի ընտրությունը։
Պարզ է, որ նման փոփոխությամբ ՔՊ-ականները այսրոպեական խնդիրներ են լուծել. նպատակն է՝ պաշտոնակատար նշանակել որեւէ կուսակցի, օգտագործել վարչական ռեսուրսը նույն պաշտոնակատարին կամ մի այլ կուսակցի արդեն ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար դարձնելու համար։ Նայեք, թե այս ընթացքում վարչապետը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում ում է պաշտոնակատար նշանակել, եւ կհամոզվեք։
Նման այսրոպեականության բարդույթով տառապում են թույլ ժողովրդավարություն ունեցող երկրների այն իշխանությունները, որոնք կարծում են, թե իրենք հավերժ են իշխելու եւ չեն մտածում, որ մի օր իրենց իսկ լարած թակարդը իրենք են ընկնելու, եթե հանկարծ ընդդիմություն դառնան։ Վստահ ասում եմ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, եւ իշխանության գա այսօրվա ընդդիմադիր ուժերից մեկը, ապա այս օրենքը դուր է գալու նաեւ նրան, նա էլ փորձելու է իր իշխանությունը հաստատել վերից վար՝ օգտվելով այս հակաժողովրդավարական օրենքի ընձեռած հնարավորությունից։
Այդպես էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու նրա «դամքաշ» իրավաբանների թեթեւ ձեռքով «երկնեց» Սահմանադրության ներկա տարբերակը՝ նույն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար։ Իսկ ստացվեց, որ այդ Սահմանադրությունից լիուլի օգտվում եւ իշխանությունն ուզուրպացնում է պոպուլիզմի լոզունգներով կառավարություն կազմած, պետական կառավարման մասին զրո գիտելիք ունեցող, բայց հավերժ իշխելու ամբիցիաներով տառապող մի ուժ՝ գավառական «ֆայտոնչու» գլխավորությամբ (ներողություն եմ խնդրում ազնիվ աշխատավոր ֆայտոնչիներից՝ նման համեմատության համար)։
Եվ այդ «ֆայտոնչին» ու նրան ամեն առիթով մեծարողները (դե առանց նրա ոչինչ էին, հիմա իշխանություն են) նույն այսրոպեականության բարդույթով օրենքներ են ընդունում, որով ուզում են իրենց ենթարկել տեղական ինքնակառավարումը, սահմանափակել ազատ խոսքն ու լրատվամիջոցների ազատությունը, ամբողջական վերահսկողություն սահմանել իրավապահ համակարգի եւ հատկապես դատարանների նկատմամբ, ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, իսկական բոլշեւիկյան հետեւողականությամբ, «կուլակաթափություն» իրականացնել։
Պարզապես ՔՊ-ականներն էլ, իշխանությունից կուրացած, նախկին ՀՀԿ-ականների նման չեն հասկանում, որ այս կամ այն կերպ մի օր իրենց իշխանությունն ավարտվելու է, եւ այդ ժամանակ իրենց իսկ «երկնած» մահակն իջնելու է հենց իրենց գլխին (մահակն օգտագործելու ավելի կոպիտ համեմատություն չեմ անում, որ ՔՊ-ականների թեթեւ ձեռքով Քրեական օրենսգիրք ներմուծված «Ծանր վիրավորանք» հոդվածին ենթադատ չդառնամ)։
Ու հետո էլ նոր իշխանությունն է համայնքների ղեկավարների ԺՊ-ներ նշանակելու, դատավորներին ահաբեկելու, իսկ ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ էլ «կուլակաթափ է անելու» նոր պայմանական «սաշիկներին»՝ ալենսիմոնյանների եղբայրներին, որոնք «պազի վարորդից» այսօր դառնում են միլիոնատերեր։
Հ. Գ. Իսկ նորմալ կամ նախկինում ՀՀԿ-ականների, հիմա ՔՊ-ականների պատկերացմամբ «ստից» երկրներում օրենքներն ու որոշումներն ընդունվում են տվյալ երկրի զարգացումն ապահովելու համար։ Եվ հենց զարգացումն է դառնում կառավարող ուժի իշխանության վերարտադրության գրավականը։ Իսկ ձախողման դեպքում՝ նրա հեռացման պատճառը։ Բայց բարձր գլխով հեռացման եւ ոչ թե փախուստի։ Իսկ որ գավառական «ֆայտոնչին» ու նրա «ուսապարկերը» ժողովրդի ատելության վախից մի օր փախչելու են գլխապատառ, չեմ կասկածում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։