ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի, Խորվաթիայի եւ Ավստրիայի արտգործնախարարների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակում։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։ Նա երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության համար։
ՀՀ արտգործնախարարը Դենդիասին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հերթական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ դրան հետեւած վերջին զարգացումները։
«Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Միրզոյանը կարեւորել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրությունում։
Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը քննարկել է նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ հանդիպման ժամանակ էլ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հրատապ լուծում պահանջող մարդասիրական խնդիրներին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։