Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը դեկտեմբերի 7-ին առցանց խորհրդակցություն կանցկացնեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետությունների ղեկավարները ծրագրում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա այս տարեվերջին՝ առցանց ձեւաչափով, իսկ 2022-ին Պուտինն ու Բայդենն անձամբ կհանդիպեն:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների ենթադրյալ թեմաները կլինեն Եվրոպայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Ըստ «Կոմերսանտ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեի՝ Մոսկվան պնդելու է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքները ներառող անվտանգության մասին նոր մեծ համաձայնագրի կնքվի: Ավելի վաղ իրավաբանական երաշխիքների մասին խոսել էր նաեւ հենց ինքը՝ Պուտինը։
Փորձագետն այն համոզմունքն է հայտնել, որ հակառակ լուրջ տարաձայնություններին եւ վերլուծաբանների հոռետեսությանը՝ ռուս եւ ամերիկացի առաջնորդներն անպայման ընդհանուր լեզու կգտնեն։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ առաջիկա խորհրդաժողովը «խոշոր ուղենիշ» կդառնա երկու երկրների պատմության մեջ:
Պուտինն ու Բայդենը առաջին անգամ երես առ երես բանակցություններ են վարել հունիսի 16-ին Ժնեւում։ Բանակցությունները տեւել են մոտ երեքուկես ժամ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ գագաթնաժողովը բարենպաստ ազդեցություն է ունեցել ռազմավարական կայունության եւ սպառազինությունների վերահսկման ուղղությամբ աշխատանքի վրա: