Ըստ բրիտանական The Independent պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները հանգել են եզրակացության, որ կորոնավիրուսի նոր շտամի`«Օմիկրոնի» վտանգի աստիճանը հնարավոր կլինի գնահատել ամենաշուտը այս տարվա վերջին: Փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի պարզելու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», հոսպիտալացումների ինչ մակարդակ է առաջացնում ու ինչպես է ազդում իմունիտետի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անհանգստություն է առաջացնում:
Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ «Օմիկրոնն» իր սպառնալիքներով կարող է համադրելի դառնալ «Էբոլա» վիրուսի եւ «Դելտա» մանրէահիմքի հետ։
Կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։ Դրանով կարող են վարակվել և՛ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածները, և՛ պատվաստվածները։
«Օմիկրոնի» հայտնաբերման մասին հաղորդել է ավելի քան երկու տասնյակ երկիր: Հնդկաստանը հայտնել է այդ մանրէահիմքով առաջին վարակվածի մասին:
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդերլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
«Օմիկրոնով» վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «Օմիկրոնի» տարածման դեմ պայքարելու համար միջազգային ճանապարհորդների թեստավորման նոր պահանջների մասին։ Նա ընդգծել է, որ շուտով ամերիկացիները հնարավորություն կունենան ՔՈՎԻԴ-19-ի անվճար թեստավորում անցնելու տանը: