Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից հայտնել են, որ Շվեյցարիան 2021-ի դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ Հայաստանի՝ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին աջակցելու համար:
Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը հաստատել է Հայաստանին 7․130․000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը:
Նախագիծը կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում եւ Վայոց Ձորում, ինչպես նաեւ Հայաստանի հյուսիսային հատվածի մի շարք շրջաններում։
Ծրագիրը Հայաստանի կառավարությանը կօգնի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթությունը բարեփոխելուն եւ այն շուկայի պահանջներին համապատասխանեցնելուն, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը եւ ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորությունները՝ մի շարք մասնագիտությունների գծով տեսական գիտելիքները գործնական պարապմունքների հետ համատեղելու միջոցով:
Ուսանողները մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ հնարավորություն կունենան կատարելագործելու հմտությունները տեղական ընկերություններում եւ ֆերմերային տնտեսություններում: Ուսումնառության ավարտին նրանց կտրվի պետական նմուշի դիպլոմ։ Նախագիծը մեկնարկում է 2021-ի դեկտեմբերի 3-ին՝ 9-ամսյա նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը, որը կտեւի առնվազն 8 տարի։
Ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարիան համագործակցում է գործընկերների լայն շրջանակի հետ, մասնավորապես Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների, պետական եւ մասնավոր հատվածների եւ ակադեմիական հաստատությունների:
«Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրլյան հիմնադրամը եւ հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից մի քանիսը ենթակա են վերջնական հաստատման»,- նշել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունը:
Դեսպանությունը նշել է նաեւ, որ իրականացնող կազմակերպություններն են Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։
Նախագիծը կիրականացվի գյուղական վայրերում տնտեսական զարգացման եւ դուալ կրթության (աշխատանքի վրա հիմնված ուսուցում, ուսումնառություն միանգամից երկու միջավայրում՝ ուսումնական հաստատությունում եւ ձեռնարկությունում) համակարգի վերաբերյալ Շվեյցարիայի տեխնիկական փորձի կիրառմամբ։