Թուրքիայի դատարանը «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըին «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով դատապարտել է 11 ամսվա ազատազրկման: Դատարանն ավելի ուշ պատժի կիրառումը որոշել է հետաձգել:
Նախկին պատգամավորը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ սոցցանցերում իր գրառումներում վիրավորանք չկա: Դրանք ընդամենը իշխանությանն ուղղված քննադատություն են եղել:
Աքաթլըն պնդել է, որ իր քննադատական գրառումներն արել է ի պաշտոնե՝ պատգամավոր եւ մարդու իրավունքների գծով կուսակցության փոխնախագահ եղած ժամանակ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ այս տարվա հոկտեմբերին Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ Շորլիի կալանավորումը, ապա նաեւ ազատազրկման դատավճիռը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության իրավունքին վերաբերող 10-րդ հոդվածը:
Դեռ այս տարվա հուլիսին Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» ներկայացուցիչները զեկույց էին կազմել եւ հրապարակել Թուրքիայի վերջին վեց նախագահների պաշտոնավարման օրոք «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով հարուցված դատական հայցերի վերաբերյալ։
Դրանց ամփոփումից ակնհայտ է դարձել, որ նախորդ հինգ նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչեւ Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը 1816 է, իսկ միայն Էրդողանի նախագահության շրջանում այդ թիվն արդեն հասել է 38581-ի եւ դեռ աճում է։