ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Լավրովի ծրագրի» վերաբերյալ հայտարարությունները։ ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ:
Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել էր «Լավրովի պլանի» մասին եւ «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։
«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որեւէ մեկը պատրաստվեր որեւէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Որեւէ գաղափար առաջ չի քաշվել՝ առանց մյուսների հետ համաձայնեցնելու
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ նման ծրագիր չկա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարգավորման այդ տարբերակն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Համանախագահներից ոչ մեկը բանակցային գործընթացի ընթացքում կարգավորման որեւէ գաղափար առաջ չի քաշել առանց մյուսների հետ համաձայնեցնելու։
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ։ Նման երեւակայական իրողություններին է վերաբերում նաեւ «Լավրովի պլանը»,- նշել են նախարարությունում։
Փուլային լուծումը հանձնում չէ
Գերատեսչությունում հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019-ի հունիսին: Առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ:
«Պլանի մյուս տարրերն էին ԼՂ-ի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության եւ կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- հիշեցրել են նախարարությունում:
Կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, բանակցային սեղանին դրված առաջարկները մինչեւ 2020-ի աշունը նախատեսում էին բառացիորեն հետեւյալը․ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքն արտահայտող եւ իրավաբանորեն պարտավորեցնող բնույթի համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։ Ընդ որում` քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք։
Առաջարկները չեն համաձայնեցվել, բայց չեն էլ մերժվել
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ թեեւ այդ առաջարկները լիարժեքորեն չեն համաձայնեցվել, բայց նաեւ չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։
«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով»,- շեշտել է ՌԴ արտաքին գերատեսչությունը՝ հորդորելով եւս մեկ անգամ համեմատել համանախագահների հիշատակած առաջարկությունները ներկա իրավիճակի հետ եւ հետեւություններ անել։
Մեդիայի կանխակալ դատողությունները քաղաքական մանիպուլյացիայի հետեւանք են
«Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե համաձայն չէ դրան։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է»,- նշել են նախարարությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետեւանք են։
Ռուսաստանը խիստ շահագրգռված է ցավոտ էջերը շրջելու հարցում
«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։
ՌԴ արտգործնախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանը խիստ շահագրգռված է օգնել հայերին եւ ադրբեջանցիներին իրենց հարաբերությունների ցավոտ էջերը շրջելու հարցում, նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման ապահովմանը։