ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն։
Ըստ ծառայության հաղորդագրության՝ դեկտեմբերի 3-ին՝ 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարեւանությամբ տեղակայված չեզոք գոտի եւ բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, Արցախի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956 թվականին ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ: Դրանից հետո Սեյրան Սարգսյանին տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ նրան զրկել են կյանքից:
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին: Բնակչին վերադարձնելու համար հայկական կողմը փորձել է բանակցություններ վարել: