ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք լինել խնդրի լուծման համար:
Արտգործնախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում լարվածության թուլացման եւ կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Նախարարը կարեւորել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։