Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձեւը:
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ, պահանջում է ի կատար ածել 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, դրանց թվում գերիների անհապաղ արձակումը:
Բանաձեւը միջազգային հանրությանը կոչ է անում գործելու այնպես, որ Ադրբեջանին ստիպի դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ միջազգային կառույցներին հորդորում հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը։
Դեսպան Մկրտչյանը բանաձեւի նախաձեռնման համար շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի բոլոր պատգամավորներին` Կոստիս Էֆստաթիուին (Սոցիալ-դեմոկրատների շարժում), Խարալամբոս Թեոփեմպտուին (Բնապահպանների շարժում-Քաղաքացիների համագործակցություն), ինչպես նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին: