ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում եւ անթույլատրելի է համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։
Այսօր 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարեւանությամբ տեղակայված չեզոք գոտի եւ բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956-ին ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ եւ սպանել։
«Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է եւ բերում է նմանատիպ վարքագծի կրկնության»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից նշել են, որ վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության եւ Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։
«Այս եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության դրսեւորում
Արցախի արտաքին գործերի նախարարությունը եւս անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված եւ սպանված Արցախի բնակչի դեպքին եւ հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։
Արցախի ԱԳՆ-ից շեշտել են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության դրսեւորում է եւ իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։
«Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Արցախի ԱԳՆ-ն ընդգծել է, որ պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, անհարգալից վերաբերմունք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ եւ նպատակ ունի ահաբեկելու Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալու Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին եւ չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։