ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2023-ի փետրվարից անցում կկատարի հաշմանդամության գնահատման նոր մոդելի, կներդրվի ֆունկցիոնալության աստիճանի գնահատման համակարգ։
Փոխնախարարը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում նշել է նաեւ, որ այլեւս չի լինի հաշմանդամության դասակարգումն ըստ 3 խմբի (առաջին կարգ, երկրորդ կարգ եւ երրորդ կարգ)։ Ֆունկցիոնալության աստիճանի գնահատման համակարգով կլինի` թեթեւ, միջին, ծանր, խիստ ծանր եւ այլն։
Գնահատումն իրականացնելու են ոչ միայն բժիշկները, այլեւ հարբժշկական՝ բժշկական օգնությանն ու սպասարկմանն օժանդակող ծառայությունների մասնագետները, ինչը հնարավորություն կտա կարիքները գնահատելու ամբողջությամբ։
Կվերանայվեն սոցիալական աջակցության փաթեթները, որոնք կանխարգելիչ նպատակներով կարող են տրամադրվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ցուցակում չընդգրկված անձանց։
Ստեփանյանը նշել է, որ շահառուին կարող են տրամադրվել լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի եւ այլ ծառայություններ։ Նոր համակարգը լինելու է ամբողջությամբ էլեկտրոնային` բժիշկների ընտրության ավտոմատացված ընթացակարգով։
«Կլինի բժիշկների եւ հարբժշկական մասնագետների ռեեստր, եւ փորձաքննությունից 1 օր առաջ, ապանձնավորված, բժիշկները կստանան տեղեկությունը, որ այսինչ տարածքում իրենք պետք է իրենց աշխատանքը կատարեն»,- շեշտել է փոխնախարարը։
Բժիշկները չեն իմանա, թե ում պետք է փորձաքննեն, միայն կծանոթանան նրա հիվանդության պատմությանը։