Արցախի դատախազությունից հայտնել են, որ պարզվել է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը։
Դատախազությունը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առեւանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին։ Նրան տեղափոխել են «Կոհակ» կոչվող բարձունքում տեղակայված մարտական դիրք եւ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել՝ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով:
Նույն օրը ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաեւ 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մարդուն առեւանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Դատախազությունը քրեական գործը փոխանցել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության եւ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:
ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը:
Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները եւ դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում:
Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, դրանց թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար եւ բռնություն գործադրելով առեւանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները:
Տեսանյութը եւ մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաեւ ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձեւավորելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռեւս չի հրապարակել: