Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխնախագահ: Ազգային գրադարանից հայտնել են, որ Հայաստանն առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը:
Եվրասիական գրադարանային ասամբլեայի անդամների ընդհանուր 25-րդ համաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են ասամբլեայի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:
Դեկտեմբերի 3-ին անցկացված ընդհանուր ժողովի առանցքային եւ օրակարգային հարցերից են եղել ասամբլեայի ղեկավար մարմինների ընտրությունները մինչեւ 2025 թվականը:
Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիի Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։ 2020-ից БАЕ-ի փոխնախագահ է նաեւ Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ուլիմջանովնա Թեշաբաեւան: