ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Միրզոյան-Բայրամով չկայացած հանդիպման վերաբերյալ։
«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում:
Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին Նյու Յորքում եւ նոյեմբերին Փարիզում»,- նշված է հայտարարության մեջ: