ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչված Սանահինի վանական համալիրում հնագիտական հազվագյուտ գտածոներ են հայտնաբերվել։ Դրանք խաչաքանդակ, բուսաքանդակ ճակտոններ են, որոնցով ժամանակին զարդարվել են կառույցների տանիքները։ Արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արման Նալբանդյանը ներկայացնում է գտածոները․
«Հավասարաթեւ խաչով, սլացող գագաթով ճակտոն է։ Սա գտնվեց դամբարանի երկրորդ հարկի խորանի եւ ավանդատան միջակա լիցքից։ Ճառագայթավոր խաչ է պատկերված եղել, գագաթնամասում զարդաքանդակով երիզված։ Ճիշտ նույն խաչաքանդակից արդեն քարի վրա կա Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արեւմտյան ճակատին։ Սրանք շատ հազվագյուտ գտածոներ են։ Մյուսի վրա արդեն խաչի փոխարեն բուսական զարդամոտիվներ են»։
Սանահինի գլխավոր հուշարձանախմբից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Զաքարյանների դամբարանում (1189 թվական) եւ հարակից տապանադաշտում հնագիտական պեղումներ եւ ուսումնասիրություններ է իրականացնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը։ Սանահինի հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանն ասում է՝ գտածոները հետաքրքիր են նրանով, որ դրանցից շատ քիչ օրինակներ կան՝ հայտնաբերված Էջմիածնի 5-6-րդ դարերի եկեղեցու պեղումներից ու Զվարթնոցից։
«Դամբարանի արեւելյան կողմում պեղումների եւ մաքրման աշխատանքների հետեւանքով բացվեցին երկլանջ տապանաքարերի եւ խաչքարերի բնիկներով պատվանդաններ։ Եվ հենց այս հատվածում՝ պատերի տակ, գտնվեցին նշված ճակտոնները։ Հավանաբար դրանք ժամանակին պատերից թափվել, մնացել են լիցքի մեջ ու ծածկվել են։ Այստեղից մոտ վեց հատ գտանք, մեկը՝ լիցքի մեջ։ Եվ հետաքրքիր է, որ լիցքերի մեջ շատ մեծ թվով խաչքարերի բեկորներ են օգտագործված, սալիկներ եւ այլն։ Այսինքն՝ դա եղել է վերանորոգման աշխատանքներից որեւէ մեկի ժամանակ»,- աշխատանքների ընթացքն է ներկայացնում հնագիտական արշավախմբի ղեկավարը եւ տեղեկացնում՝ դամբարանի տարբեր հատվածներ պատկանում են տարբեր ժամանակների, ինչը փաստում են պատի շարերն ու գտածոները։
Ըստ հնագետի՝ Զաքարյանների դամբարանի արեւելյան հատվածը ենթադրաբար ավելի հին է, քան արեւմտյանը, իսկ 10-11-րդ դարերում ծածկասալը ոչ թե քարից է եղել, այլ գլանաձեւ կղմինդրից, որի եզրերը զարդարված են եղել խաչաքանդակ ճակտոններով։
Մաքրման եւ պեղման աշխատանքների ընթացքում նաեւ բազմաթիվ այլ մասունքներ են ի հայտ եկել՝ որմնաքարերի բեկորներ, հին տապանաքարեր, տնտեսական նշանակության քարեր, գործիքներ եւ այլն։
«Ներսում մի քանի խաչքարեր են եղել, բայց տեղում է հիմա մեկը։ Իվանե եւ Զաքարե Զաքարյանների հոր՝ Սարգսի դամբարանն է դա։ Մյուսները չկան, որ 100 տոկոսով կարողանանք պնդել, թե ումն են։ Տապանաքարը կա, կա նաեւ խաչքարի բնիկով պատվանդանը, որի վրա ժամանակին խաչքար է եղել կանգնեցված»,- պատմում է Արման Նալբանդյանն ու տեղեկացնում, որ երեւույթը Հայաստանում համատարած է, երբ խաչքարերի բնիկներով պատվանդանները կան, բայց խաչքարերը բացակայում են։
Հնագետը Դսեղի կենտրոնական գերեզմանոցի օրինակն է բերում, որտեղ 200-ից ավելի խաչքարի պատվանդան կա, իսկ կանգուն է ընդամենը 4 խաչքար։
Սանահինի վանական համալիրի տարածքում հնագիտական պեղումները սկսվել են դեռեւս 2019 թվականին, երբ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ (100 հազար ԱՄՆ դոլար) նախաձեռնեց Սանահինի արեւելյան մասի հուշարձանախմբի վերականգնումը։ Եվ ինչպես հարկն է, շինարարությունից առաջ իրականացվել են հնագիտական աշխատանքներ․ պեղվել են Սուրբ Հարություն (10-րդ դար) եւ Սուրբ Հակոբ (12-րդ դար) եկեղեցիները։
«Աշխատանքների ընթացքում այստեղ գտնվել են ոչ միայն բազմաթիվ որմնաքարեր, այլեւ ճարտարապետական առանձին մանրամասներ, կոթողներ, տապանաքարեր։ Արձանագիր տապանաքարերի թիվն այս երկու կառույցների շուրջ հասել է 20-ի, որոնցից ընդամենը վեցն է հրատարակված եղել Դիվան հայ վիմագրությունում, այսինքն՝ մյուսները լրիվ նորահայտ են»,- պատմում է Արման Նալբանդյանը։
Նույն ծրագրի արդեն երկրորդ փուլով՝ ԱՄՆ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորմամբ (192 հազար ԱՄՆ դոլար), վերականգնվելու են Զաքարյանների եւ Արղությանների դամբարանները։ Վերականգնման աշխատանքներին նախորդող հնագիտական աշխատանքները ձմռան ամիսներին կդադարեն եւ կշարունակվեն արդեն 2022-ի գարնանը։
Տասնամյակներ շարունակ Սանահինի արեւելյան մասի հուշարձանները պատված են եղել մացառներով։ Անուշադրության մատնված եկեղեցիներն ու դամբարաններն անմատչելի էին այցելուների համար։ Դեռ խորհրդային տարիներին նշված հուշարձանախմբերի շուրջ ընդլայնվել է Սանահին գյուղի գերեզմանոցը, հետեւաբար հուշարձանները ժամանակի ընթացքում հայտնվել են գերեզմանի տարածքում։
Հիմա պեղման աշխատանքներում ներգրավված են Սանահին գյուղի բնակիչներ․ նրանք հողային աշխատանքներ են անում։ 75-ամյա Արամայիս Երիցյանն ասում է, որ չնայած տարիքին՝ ամեն օր մեծ ոգեւորությամբ է այստեղ գալիս։
«Հիանում եմ իմ արած աշխատանքով, հիանում եմ, որ Արմանը կարողանում է հին բարբառը կարդալ ու բացատրել ինձ։ Իսկ ես ուզում եմ անընդհատ աշխատել, որ ամեն օր նոր գեղեցկություններ գտնենք մեր Սանահինում»,- հպարտությամբ ասում է բնակիչը։
Հազվագյուտ գտածոները լաբորատոր պայմաններում մշակվելուց, ուսումնասիրվելուց եւ վերականգնվելուց հետո կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։ Ի դեպ, 2019 թվականին հայտնաբերված երկու ճակտոններն ու այլ արժեքավոր գտածոներ արդեն թանգարանում են։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։