Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում արվեստագետ Էդիկ Պողոսյանը, համադրող Արա Հայթայանը ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն են անում: Հեղինակը ցուցահանդեսի միջոցով անդրադառնում է պատերազմին ու դրա հետեւանքներին՝ Արցախից բերված մետաղներով եւ վնասված իրերով:
«Նյութերի մեջ, որ վավերագրում եւ փոխադրում եմ արվեստի դաշտ, մարդը ֆիզիկապես գոյություն չունի, նա կա իր բացակայությամբ, կադրից դուրս լինելով՝ մինչեւ եւ հետո։ Դրանք տարածության եւ ժամանակի մեջ գոյություն ունեցող իրականություններն են՝ կյանքից դուրս մղված, պատմության նարատիվի հսկայական բեռն իրենց մեջ։
Նպատակը բացակայի բացահայտումն է, այն, ինչ գոյություն ունի այս դրվագներից դուրս՝ մինչեւ, հետո եւ մեր մեջ,- ասում է արվեստագետն ու ցույց տալիս աշխատանքներից մեկը, որը պարզ արտահայտում է իր ըմբոստությունն ոսկյա շրջանակի, տվյալ դեպքում՝ կոմֆորմիզմի, շքեղության դեմ:
«Գործերը մեր իրականության պես են, տեղ-տեղ ըմբոստանում են այս շրջանակին, թե ամեն ինչ թվացյալ լավ է, էջը թերթենք, գնանք առաջ, պետք է լավ ապրել: Այո՛, պետք է լավ ապրել, անցնե՛լ առաջ, բայց եթե դա բերում է թմբիրի, ավելի լավ է ցավել, անընդհատ հիշել, որ այդ զգոնությունչկորցնենք»:
Ըստ արվեստագետի՝ ժամանակակից արվեստի գործառույթն այն է, որ անընդհատ խոսի, ընդգծի արատները:
«Այս մեքենան ավելի է արտահայտում այն վիճակը, որի մեջ գտնվում ենք»,- Արա Հայթայանը ցույց է տալիս պատերազմի ընթացքում պայթյունից վնասված մեքենայի դուռը, որն, ըստ նրա, ակամա դառնում է կրողն այն աղետի, որի մեջ ապրում ենք:
Էդիկ Պողոսյանը փաթեթից հանում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պայթյունից ամբողջությամբ վնասված մի կտոր: Արցախյան գյուղերից մեկի գյուղապետի մեքենան էր, գյուղապետը կենդանի է մնացել: «Մարդն այստեղ չկա ֆիզիկապես, բայց կար մինչ այս պահը, կա՛ սրանից հետո, այսինքն՝ իրականում այս անցքերով թե՛ վերացական, թե՛ փիլիսոփայորեն այդ մարդու փնտրտուքն է: Մարդն իրական հանդիսատեսն է, որ կանգնում է այս բացակայի դիմաց եւ առճակատվում պատմությանը»:
Կոտրված է ցուցահանդեսային ավանդական ձեւը, ցուցանմուշները դրված են գետնին, հենված են պատերին: Համադրող Արա Հայթայանն ասում է՝ խնդիրն այն է, որ կյանքից բերվածը չտեղավորեն թանգարանային ռեժիմում: Ցուցադրության մեջ տեղանուններ չեն նշում, չեն սահմանափակում միայն Արցախով: Էդիկ Պողոսյանն ասում է՝ Իրանում, Սիրիայում, Իրաքում, որ անցել են պատերազմների միջով, հետեւանքն ու պատկերը նույնն են, նույն բեկորներից այնտեղ էլ կան:
Վերջին տարիներին խաղաղ Եվրոպայում գրեթե բոլոր երկրների հեղինակավոր թանգարաններում, ցուցասրահներում բովանդակության մաս էին կազմում պատերազմի մասին ցուցադրությունները: «Այս ցուցադրության եզակիությունն այն է, որ ցուցահանդեսն այն երկրում է, որն աղետի մեջ է»: Ըստ համադրողի՝ բարդ է աղետի փաստերը, վավերագրությունը կրող նմուշները բերել արվեստի տարածք կամ արվեստի տարածքն այնքան կոտրել, որ չդիտվի որպես ստերիլ, հեռավորության վրա իրեն պահող մի միջավայր:
Բոլոր գործերն ունեն կոնկրետ պատմություններ, հորինված չեն: «Մի նյութ կա, որի պատմությունը չէի հիշում եւ ազնվորեն այդպես գրված է՝ կարող է սա լինի, նա լինի: Այդտեղ շեշտվում է նաեւ հիշողության՝ ջնջվելու հակում ունենալը: Մարդը սիրում է մոռանալ՝ ցավոտ էջը թերթելով: Դա հեշտ է,բայց արդյոք այս ամենը հնարավոր է մոռանալ, հնարավո՞ր է մոռանալ կողքիդ 4000 բացակա տղաներին»:
Ինքն իր հետ չընդհատվող պայքարն ու հասարակության հետ լուռ կռիվը, ինքնախարազանումն էլ դարձան ցուցահանդեսի պատճառը, որի միտումն, Էդիկ Պողոսյանն ասում է, ինչ-որ առումով հանդիսատեսին ցավ պատճառելն է. գուցե սրտի կսկիծ զգան, գուցե հուզվեն, գուցե ըմբոստանան:
Բարեգործական ցուցահանդեսի հասույթը հեղինակը կուղղի իր նախորդ՝ «Հետեւանքը՝ արտեֆակտ», նախագծի ֆոտոպատումներին մասնակցած անձանց եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։