Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է 36 համայնքներից 25-ում: ՔՊ-ն պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում:
Մասիսում հաղթել է գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքը՝ ապահովելով Համբարձումյանի հետագա պաշտոնավարումը:
Աբովյանի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը: 2019-ին Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել:
Վանաձորում հաղթել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ ստանալով քվեների մոտ 38,6 տոկոսը. այսպիսով՝ առանց այլ ուժի ձայների Ասլանյանը չի ընտրվի քաղաքապետ: Անցած ընտրություններում Ասլանյանը գլխավորում էր Հանրապետականի ցուցակը: ՔՊ-ն, որի ցուցակի առաջին համարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է ձայների մոտ 24,7 տոկոսը:
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը: Արարատի մարզի Վեդի համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է նաեւ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահել է ձայների 62,42 տոկոսը։ Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը շահել է ձայների 52,31 տոկոսը:
Սեւան խոշորացված համայնքում առաջատարը «Սարգիս Մուրադյան» դաշինքն է՝ ձայների 79,02 տոկոսով։ Վարդենիս խոշորացված համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 46,11 տոկոսը։
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 472 հազար 528 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը:
Ամենաակտիվը Լոռու մարզի Թումանյան համայնքում են քվեարկել` 69.78 տոկոս, իսկ ամենապասիվը` Արմավիրի Արմավիր համայնքում` 20.73 տոկոս:
Համայնքապետի ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: