Ուկրաինան հերքել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի հայտարարությունը, թե շաբաթ օրը ուկրաինական Մի-8 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ «Նովայա Ռուդնյա» սահմանային անցակետի շրջանում խախտել է պետական սահմանը։ Բելառուսի ՊՆ-ն Ուկրաինայի ռազմական կցորդին կանչել եւ սահմանը խախտելու հետ կապված բողոքի նոտա է հանձնել։
ՌԴ Պետդուման եւս արձագանքել է ուկրաինական ուղղաթիռի կողմից բելառուսական սահմանի խախտմանը՝ դա Կիեւի կողմից սադրանք անվանելով։
ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետական սահմանային կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ աշխարհի ցանկացած պետություն ամենակոշտ միջոցներն է ձեռնարկում պետական սահմանի խախտման դեպքում, քանի որ եթե չարձագանքես, նման սադրանքներ կարող են ավելի հաճախ կրկնվել` խախտելով պետության անվտանգությունը:
Վոդոլացկին ասել է, որ ուկրաինական ուղղաթիռի հետ կապված միջադեպը կոպտագույն խախտում է։ Նա հիմնավոր է համարել բելոռուս սահմանապահների գործողություններն ու նման միջադեպերին կոշտ պատասխան տալու մասին հայտարարությունները։
«Բելառուսական կողմի բոլոր հայտարարությունները համարժեք են, դրանք որեւէ միջազգային կոնվենցիա չեն խախտում։ Բելոռուսները մարդասիրաբար են վերաբերվել ուկրաինական կողմին եւ դեռ մի բան էլ՝ նախազգուշացում են արել»,- ասել է խորհրդարանականը։
Բելառուսի՝ Մոզիրի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Սերգեյ Պավլովն ավելի վաղ հայտարարել էր, որ բելառուսցի սահմանապահները հետագայում նման դեպքերի ի հայտ գալու ժամանակ կոշտ են գործելու։