ՏԻՄ ընտրություններն իսկապես կարելի է համարել ժողովրդավարական: Բայց ինչո՞ւ մենք այդքան ուրախ չենք այս նվաճումից, որի մասին այսօր առավոտյան վարչապետը գրել էր. «Քաղաքացին Տեր է եւ որոշող»:
Հայաստանում փխրուն է ամեն ինչ՝ կյանքից մինչեւ ժողովրդավարություն: Մի շարք համայնքներում գործող իշխանությանը հաղթել են քրեական հետապնդման մեջ գտնվող մարդիկ, մի շարք համայնքներում գործող իշխանության անունից հանդես են եկել նախկին իշխանությունների օրոք համայնքներում կեղծիքներով զբաղված մարդիկ:
Կարճ ասած՝ զգացումները հակասական են: Ինչո՞ւ:
Որովհետեւ Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ ժողովրդավարությունը նույնիսկ ստվերում չի հայտնվել: Թեպետ եթե ընտրությունները կեղծիքներով անցկացվեին, գուցե ժողովրդավարությունը գար դեպի ստվեր: Բայց Փաշինյանը փոքրիկ պարզաբանում է տալիս, թե ինչու ժողովրդավարության եւս մի հաղթանակ մեզ կարող է չոգեւորել:
Պատճառն այն է, որ «մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ»: Ու սա այնպիսի մարտահրավեր է, երբ Կոկորդիլոսագետի պարտությունը եւ Աբովյանում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի հաղթանակն այդ օրակարգի մեջ կորչում են, ինչպես ավազահատիկը Տիեզերքում:
Եթե ուշադիր նայենք, ընդդիմադիր հաղթողները բդեշխներ են իրենց համայնքներում: Եթե ուշադիր նայենք, իշխանական հաղթողները քաղաքական զրո մարդիկ են: Այնուամենայնիվ, խոշորացված համայնքների մեծ մասում նրանք հաղթել են: Սա հենց այն է, ինչի մասին պատերազմից առաջ երազում էր Հայաստանը:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում ընդհանրապես չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը: Այսինքն՝ կա՛մ նրանց լավ չեն բացատրել, թե դա ինչ է, կա՛մ բացատրել են ու չեն համոզել:
Հիմա փորձենք հասկանալ՝ իսկապես չկեղծված այս ընտրությունները հաղթանա՞կ էին, թե՞ ոչ: Ո՛չ, հաղթանակ չէին, որովհետեւ քաղաքացու ընտրությունը քաղաքական չէր թե՛ ընդդիմությանը քվե տալիս եւ թե՛ իշխանությանն ընտրելիս:
Այո՛, հաղթանակ էին, որովհետեւ քաղաքացին կատարում է իր ընտրությունը, ոչ թե ուրիշի:
Ո՛չ, հաղթանակ չէին, որովհետեւ հուսահատության դոզան Հայաստանում շարունակում է աճել, եւ գուցե գա ժամանակ, երբ ընտրություններն ընդհանրապես չհետաքրքրեն շարքային քաղաքացուն:
Այո՛, հաղթանակ էին, որովհետեւ ընտրություններում ի հայտ են գալիս նոր, թեպետ ոչ այնքան քաղաքականապես հստակ ուժեր, որոնք մեծ հաշվով ոչնչով չեն արատավորել իրենց:
Նախկինները հիմնականում ընտրապայքարի մեջ են մտնում նոր դիմակներով, իսկ ՔՊ-ի առաջատար դեմքերն էլ առանձնապես քաղաքական դիմագիծ չունեն, նրանց դիմագիծը եղել եւ մնում է Նիկոլ Փաշինյանը, որի քաղաքականությունից մյուսները ոչինչ չեն հասկանում՝ ո՞ւր է գնում Հայաստանը եւ ինչո՞ւ է գնում:
Ու որ ամենակարեւորն է՝ արդյո՞ք գնում է:
Ու թեեւ Փաշինյանի օրոք Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել, չշտապենք ասել, որ քաղաքացին հաղթում է ու Տեր է ու Որոշող, որովհետեւ գրեթե ամեն օր քաղաքացին անակնկալի է գալիս գնաճից, զինվորի սպանությունից կամ գերի ընկնելուց: Ու պատերազմից հետո քաղաքացին չգիտի՝ լա՞վ է, երբ ինքը որոշող է, թե՞ լավ չէ: Ամենասարսափելի կորուստները համենայնդեպս նրա որոշման արդյունք չէին: Եվ ընդհանրապես, երբ պարտված ես ամենագլխավորում, որտե՞ղ ես հաղթել:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: