Նախորդ շաբաթվա ընթացքում Սեւանա լճի մակարդակն իջել է 1 սանտիմետրով՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ կազմելով 1900.46 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 6 սանտիմետրով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Արփա-Սեւան ջրատարով 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ լիճ է տեղափոխվել 151,94 միլիոն խմ ջուր:
Սեւանի մակարդակի իջեցումը բացասաբար է ազդում լճի էկոհամակարգի վրա: Մակարդակի իջնելուն նպաստում են հավելյալ ջրառները, գլոբալ տաքացման արդյունքում լիճ թափվող գետերի հոսքերի նվազումը, գոլորշիացումը:
Բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտարկմամբ լիճը բացասական հաշվեկշիռ է ունեցել հատկապես այն տարիներին, երբ հավելյալ ջրառ է իրականացվել, բացառությամբ 2008 թվականի:
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով Սեւանից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանված 170 միլիոն խորանարդ մետրը, սակայն այս տարի, Ազգային ժողովի որոշմամբ, թույլատրվել է իրականացնել 227,651 միլիոն խմ ջրառ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։