Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան հայտարարել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը դարձել է կորոնավիրուսի գերակշռող հարուցիչը ՀԱՀ-ի նահանգների մեծ մասում, եւ ախտահարվածների օրական միջին թիվը հնգապատիկ մեծացել է:
Ռամապոսան ընդգծել է, որ «Օմիկրոն» շտամի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որը կանխում է նաեւ կորոնավիրուսի ծանր ընթացքը, կրճատում հոսպիտալացման եւ մահվան դեպքերի թիվը։ Նախագահը չպատվաստված քաղաքացիներին հորդորել է անհապաղ պատվաստվել:
«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 40 երկրներում:
Նոյեմբերին 3 միլիոնով ավելի, քան հոկտեմբերին
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունն աշնան առաջին երկու ամսում դարձյալ աճել է. նոյեմբերին մոլորակի վրա հայտնաբերվել է վարակման շուրջ 16 միլիոն դեպք, ինչը 3 միլիոնով ավելի է հոկտեմբերից:
Հակառակ դրան՝ մահացության ցուցանիշը նվազում է. հոկտեմբերին կորոնավիրուսից մահացել է մոտ 207 հազար մարդ կամ 7 հազարով պակաս, քան դրանից մեկ ամիս առաջ: Հոկտեմբերին մահացել է յուրաքանչյուր 60-րդ վարակվածը, նոյեմբերին՝ յուրաքանչյուր 77-րդը։
Անցյալ տարվա նոյեմբերին աշխարհում հիվանդացության մակարդակը մոտավորապես նույնն էր, բայց մահացությունը մեկ երրորդով ավելի բարձր էր:
Եվրոպան նոյեմբերին կորոնավիրուսային վարակի տարածման էպիկենտրոն է դարձել։ Աշխարհում գրանցված վարակման բոլոր դեպքերի շուրջ 60 տոկոսը բաժին է ընկել Եվրոպային:
Ավելի քան 265,8 միլիոն վարակված
Worldometer պորտալի վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել է 265 միլիոն 854 հազար 752: Վիրուսի տարածման սկզբից ի վեր ՔՈՎԻԴ-19-ը խլել է 5 միլիոն 255 հազար 648 մարդու կյանք:
ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 49 միլիոն 85 հազար 361 ախտահարված, մահացել է ավելի քան 788 հազար մարդ: Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 641 հազար 561-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը 473 հազար 537 է:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ գրանցվել է 22 միլիոն 143 հազար հիվանդացած, որոնցից մահացել է ավելի քան 615 հազարը:
Աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում մասնագիտացած Worldometer պորտալի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ 676,2 է: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2423, Հնդկաստանում՝ 338, Բրազիլիայում՝ 2867 մարդ։