Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Եվրամիությունը «խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակում հավանություն է տվել Վրաստանի զինված ուժերին ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Վրաստանի պաշտպանության նախարարությունը կստանա բժշկական եւ ինժեներական սարքավորումներ, ինչպես նաեւ քաղաքացիական շարժունակության միջոցներ։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Եվրոպական խորհրդի աջակցության փաթեթը կազմում է 12,75 միլիոն եվրո՝ նախատեսված 36 ամսվա համար։ Տրամադրվելիք աջակցության նպատակն է երեք տարում հզորացնել երկրի ռազմական եւ պաշտպանական կարողությունները, որոնք կնպաստեն Վրաստանի ակտիվ համագործակցությանը «Եվրամիության հետ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության» (CSDP) շրջանակում:
«Վրաստանին տրամադրվող օգնությունը նպատակաուղղված է երկրի պաշտպանության ուժերի ամրապնդմանը, դրանց թվում՝ ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչությանը ցուցաբերվելիք օգնության բարելավմանը։ Այս կարեւոր որոշումը հաստատում է, որ Վրաստան-Եվրամիություն համագործակցությունը շարունակվում է»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։