Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաստատել է, որ նախօրեին՝ 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ 1 կմ հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական հենակետերից կրակահերթ է եղել Կարմիր շուկայի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության եւ բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։
«Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաեւ լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որեւէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշել է Ստեփանյանը։
Ստեփանյանն ասում է՝ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաեւ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունի։ Եթե օդ էլ են կրակում, մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։ Պաշտպանը նշել է, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից հակառակորդի հենակետերը պետք է հեռացվեն, որովհետեւ միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։
«Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանել է Արցախի ՄԻՊ-ը։
Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ խնդրի լուծման միակ տարբերակն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հայկական բնակավայրերին մոտ տեղակայված ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։ Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նաեւ ռուս խաղաղապահներին են հայտնել, բայց մինչ այժմ խնդիրը մնում է առկախված։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում այն համոզմունքն է հայտնել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է: