Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խումբը մի շարք այլ գիտական կազմակերպությունների հետ համատեղ ստեղծել է թքի մեջ կորոնավիրուսը չեզոքացնող ծամոն։
Նախագծի ղեկավար, University of Pennsylvania հիմնարար գիտությունների ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր Հենրի Դենիելը նշել է, որ ծամոնն ընդունակ է նվազեցնել մարդուց մարդուն վարակը փոխանցելու հավանականությունը։
Գիտնականների ստեղծած ծամոնի հիմքում գենետիկ նորագույն տեխնոլոգիաների եւ կենսաբանական նյութի կիրառմամբ ստացված ACE2 սպիտակուցն է։ Փորձի ընթացքում գիտական խումբն աճեցրել է ACE2–ը եւ միացրել հատուկ բաղադրիչի հետ, որի շնորհիվ այն ներթափանցում է լորձաթաղանթի միջով:
Փորձերը ցույց են տվել, որ հակավիրուսային ծամոնն ի վիճակի է եղել կանխելու օրգանիզմի բջիջների մեջ վիրուսի ներթափանցումը, իսկ կորոնավիրուսով վարակվածների թքի մեջ վիրուս պարունակող ՌՆԹ–ի մակարդակը կտրուկ իջել է։