Ռուսաստանցի բլոգեր Ռոման Բաղդասարյանը սկանդալային հայտարարություն է արել։ Արցախի ԱԱԾ-ն նրան հրավիրել է Ստեփանակերտ՝ փաստերով հիմնավորելու ասածը, իսկ նա պատասխանել է, որ կհամագործակցի Հայաստանի ԱԱԾ-ի հետ, Արցախ չի գնա, որովհետեւ այնտեղ իրեն «կսպանեն»։
Բաղդասարյանը երկրորդ «լայվն» է կազմակերպել․ հրավիրել է «ականատեսի», որ պատմում է, թե ինչպես է Մատաղիսի զորամասը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին մինչեւ ուշ գիշեր խրախճացել, երբ դեռեւս նախօրեին էր ՊԲ-ից հրաման ստացել՝ պատրաստվել պաշտպանական մարտի։
Տարուց ավելի է՝ քաղաքական, փորձագիտական շատ որոշակի շրջանակներ իրենց ենթակա լրատվամիջոցներով Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հասցեին ինչ ասես, տարածում են։ Շրջանառվում է «պայմանավորված պարտության» թեզը, որ հազարավոր, տասնյակ հազարավոր աջակիցներ ունի։ Բավական է հետեւել սոցցանցային գրառումներին, որպեսզի համոզվես, որ ամեն ինչ ուղղորդված է, կառավարվում է մեկ կամ երկու-երեք կենտրոնից։ Երբ չկա հիմնավոր-փաստարկված վերլուծություն, գնահատական, երբ իշխանությունը շարունակում է «ձկան լռություն» պահպանել, ցանկացած վարկած գոյության իրավունք ունի։
Բայց դա՝ «անմեղության կանխավարկածի» սկզբունքը, պետք է տարածվի նաեւ Ռոման Բաղդասարյանի եւ նրա «ականատեսի բացահայտումների» վրա։ Եթե մեկն ասում է՝ քաղաքական ղեկավարությունն է «հողերը ծախել», մյուսին ինչո՞ւ զրկել զինվորականությանը մեղադրելու իրավունքից։ Խոսքի ազատությունը ունիվերսալ իրավունք է, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալը, հայթայթելը եւ տարածելը։ Այսինքն՝ աղետալի պարտության պատճառների հարցում չեն կարող լինել նշանակված «դավաճաններ» եւ «սրբեր»։ Մեկը քաղաքական իշխանությանն է կասկածում, մյուսը՝ զինվորականներին, երրորդը՝ համարում, որ «պատերազմը ծրագրել եւ սցենարային հետեւանքների են բերել օտարերկրյա ուժերը՝ իրենց հատուկ ծառայությունների միջոցով»։
Կարո՞ղ ես մարդկանց բերանը փակել։ Իհարկե ո՛չ։ Մանավանդ երբ կան վկաներ եւ հաստատում են, որ, այո՛, սեպտեմբերի 27-ի օրվա երկրորդ կեսին Թալիշն արդեն թշնամու կողմից գրավված էր։ Կարո՞ղ ես ժխտել, որ Արցախի նախագահը հոկտեմբերի 3-ին անձամբ զենքը ձեռքին Մատաղիս-Տոնաշեն գծի վրա է եղել։ Չես կարող։ Նա այդ մասին անձամբ է վկայել։ Կարո՞ղ ես հերքել, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ասել է, որ Արցախի նախագահը ոչ միայն ՊԲ-ի, այլեւ առհասարակ որեւէ ստորաբաժանման առջեւ «մարտական խնդիր դնելու իրավունք չունի»։ Ո՞վ ունի այդ իրավունքը։ ԶՈՒ ԳՇ պե՞տը, ՊԲ հրամանատա՞րը, թե՞ միայն Հայաստանի վարչապետը։ Միջին վիճակագրական քաղաքացուն այս հարցերը չեն հուզում։
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ դժվար թե պարզվի։ Մոսկվայի պաշտպանության մարտերից 80 տարի անց է միայն հայտնի դարձել, որ ոչ մի զորավարական տաղանդ էլ իրավիճակ չի փրկել, գերմանական զրահատեխնիկայի ճանապարհը բառիս բուն իմաստով փակել են մարդկային մարմիններով եւ տվել 940 հազար զոհ, մոտ 200 հազարի ճակատագիրն առայսօր անհայտ է: Ոչ ոք նաեւ չգիտի, թե կես միլիոնից ավելի վիրավորներից քանիսն են վերականգնվել-շարք վերադարձել, քանիսը՝ մահկանացուն կնքել հոսպիտալներում կամ թիկունք տեղափոխվելու ճանապարհին։ Պատերազմը դաժան, անմարդկային բան է, հերոսությունը եւ ստորությունը, սխրանքն ու դավաճանությունն այնտեղ գիրկընդխառն են։
1994 թվականի Օմարի ռազմագործողության ժամանակ թշնամին ավելի քան երեք հազար դիակ է թողել մարտադաշտում, փրկվել են մի քանի տասնյակը միայն, լեռնային կածաններով մի կերպ քարշ եկել, իջել Գյանջա։ Ո՞վ է հետաքննել։ Ոչ ոք։ Կատարվո՞ւմ են այսօր որոնողական աշխատանքներ։ Ո՛չ։ Փակված թեմա է, որովհետեւ Իլհամ Ալիեւին ամենեւին էլ ձեռնտու չէ Օմարից երեք հազար պարկ ոսկոր հասցնել Բաքու։ Միայն պատկերացնել կարելի է, թե հոգեբանական եւ քաղաքական ինչ պայթյուն կլինի, եթե Բաքվի ծովափնյա զբոսայգում երեք հազար դագաղ շարվի։
Մենք ի՞նչ ենք ուզում։ Որ մեկը սրբադասվի, մյուսը կանգնի «գնդակահարության պատի տա՞կ»։ Պատասխանատվության պահանջը պարզ եւ հասկանալի է, պատասխանատուն հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան՝ ՔՊ-ական իր ամբողջ թիմով։ Իսկ «սրբերն» ովքե՞ր են։ Պարտությունից, աղետից հետո ի՞նչ «սուրբ» եւ ի՞նչ «հերոս»՝ սա է անհասկանալի, անբնական, նույնիսկ անմարդկային։
Եթե երկիրը տարվել է անհավասար, ոչ մի, առաջին հերթին արտաքին քաղաքական, դիվանագիտական եւ քարոզչական, ռեսուրսով չապահովված պատերազմի, մեղքն, իհարկե, օրվա իշխանությանն է։ Բայց դրանից ինքնին չի հետեւում, թե անպարտ եւ բյուրեղյա մաքուր են նրանք, ովքեր գիտեին, համոզված էին, որ պատերազմում հաղթելու հավանականությունը զրոյական է, բայց տարիներով, տասնամյակներով լռեցին։
«Եթե ես լինեի, ապա պատերազմ չէր սկսվի կամ այլ ելքով կավարտվեր»,- պարզ ամբոխահաճություն է։ Ինչպես բնության մեջ, հանրային-քաղաքական կյանքում էլ ազդեցությունը ծնում է հակազդեցություն կամ, ինչպես ղարաբաղցին է ասում, «խոսքը խոսք է բերում»։
Ռոման Բաղդասարյանը, համոզված եմ, ինչ-որ մեկի խոսքն է ասում։ Թե ինչ եւ ինչպես, ում մեղքով կամ պատասխանատվությամբ է եղել Մատաղիսում (Ջեբրայիլում, Հադրութում, Շուշիում), նրան բոլորովին չի հուզում։ Նրան հանձնարարված է «դավաճանություն գտնել», մարդն անում է իր գործը։ Ինչպես որ ուրիշները քաղաքական ղեկավարությանն են «դավաճան նշանակում»։
Այս կենաց-մահու մրցակցությունից միայն Հայաստանն ու Արցախն են տուժում, հայ ժողովուրդը։ Ուստի թեման պետք է փակել։ Անիմաստ է նաեւ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Դա ոչինչ չի տալու, միայն մեզ ավելի է բեւեռացնելու։ Ավելի ենք դեգրադացվելու։ Նախանշաններն արդեն իսկ կան։ Նախկին պատգամավոր կին լրագրողն իրեն թույլ է տալիս Ֆեյսբուքում վարչապետի հասցեին օգտագործել «տվող» բառը, պաշտպանության նախկին նախարարի կնոջ «գոհարները», թերեւս, չարժե անգամ հիշել։
Սա քաղաքակրթական անկում է, որից միակ ելքը, գուցե, արժանապատիվ լռությունը կլիներ։ Միայն այդ դեպքում հանրությունը կսթափվի ու կլուծի պատերազմի եւ աղետի համար պատասխանատվության հարցը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։