Գյումրու Մանուշյան փողոցի «Ֆանտանի» թաղամասում ենք։ Երկար շրջում ենք նեղ կածաններով։ Մարդ չի երեւում։ Ծանր լռությունը խախտում են ագռավների ու բազմաթիվ թափառող շների խլացնող ձայները։
Ցեխոտ, մռայլ փողոցում իրարից հեռու-հեռու, անկանոն կիսախարխուլ տնակներ են երեւում։ Որ այս թիթեղյա շինվածքներում մարդիկ են ապրում, վկայում է միայն ծխնելույզներից դուրս եկող թանձր ծուխը․ հավանաբար ռետինե իրեր, մաշված կոշիկներ են վառում։
Թե ինչու «Ֆանտանի» թաղամաս, պատախանը տարածք մտնողի համար ակնհայտ է։ Հեռվից իր կողմն է կանչում հսկա մետաղական ֆանտանը՝ Գյումրու երբեմնի խորհրդանիշ Բարեկամության շատրվանը։
Շատրվանը կառուցվել է 1982 թվականին Լենինականի 60-ամյակի առիթով, գործել՝ 1984-ից: Նախագծի հեղինակն Արթուր Թարխանյանն է, ով նաեւ Գյումրու դրամատիկական թատրոնի շենքի ճարտարապետն է։ Ֆանտանին լենինականցիները կատակով 60-ամյակի տորթ են անվանել։
Լենինականցիները մինչ օրս հիշում են բացման հանդիսավոր արարողությունը։ Ողջ քաղաքն էր այնտեղ։ Երեւելի հյուրեր էին եկել Լենինական։ Այդ օրը ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճանը եւ այլ պատվավոր հյուրեր նոր հիմնադրված այգում տնկեցին անվանական ծառեր։
Ավագ սերնդի գյումրեցիները պատմում են, որ քաղաքի ակտիվ կյանքը տեղափոխվել էր «Ֆանտանի» թաղամաս, կարծես երջանկության ու անհոգության խորհրդանիշը լիներ մետաղյա հսկան։
1988-ի երկրաշարժը վերջակետ դրեց այս ամենին։ Ֆանտանի տարածքը համեմատաբար ազատ էր փլատակներից, այդ պատճառով հենց այդտեղ ձեւավորվեց տնակային թաղամաս։ Երկաթե հսկան այժմ դարձել է աղետի լուռ վկան։
Ֆանտանի թիկունքում տեղակայված 225/009 տնակում Երանոսյանների վեցհոգանոց ընտանիքն է ապրում։ Տան տիկինը՝ Քնքուշ Երանոսյանը, մահակով զինված՝ շների ոհմակից պաշտպանելով, փորձում է մանկահասակ թոռնուհուն անվնաս պարապմունքի հասցնել։ 1989 թվականից ապրում են այստեղ։ Չորս եղբայրներով մի տուն են ստացել, տիկին Քնքուշենք էլ տնակում են մնացել։ Որն է լինելու ձեր բնակարանային խնդրի լուծումը հարցին տիկինը պատասխանում է՝ «Աստված գիտի»։
Ֆանտանի աջ կողմում՝ 18 քառակուսի մետր տարածքով տնակում, 85-ամյա Գրիգոր Գասպարյանն է ապրում՝ մեն-մենակ։ Թաղամասում նրան Գառնիկ պապ են ասում։ Նա էլ է այստեղի մշտական բնակիչ 1989 թվականից։ Պապին առաջարկել են սոցիալական բնակարան տեղափոխվել։ Գնացել-եկել է, փաստաթղթեր տարել-բերել, բայց քանի որ նպաստառու չի եղել, սոցիալական բնակարան էլ չի ստացել։
Գառնիկ պապին մի պահ կտրում ենք աշխատանքից. տարածքից հավաքած ճյուղերն էր սղոցում՝ վառելու համար։ Ներս ենք մտնում։ Թե ինչպիսի սոսկալի, ոսկորները թափանցող սառնություն էր տիրում տնակի ներսում, բառերով նկարագրել հնարավոր չէ։
Իր պատրաստած կոմպոտն է հյուրասիրում եւ հիշում 1988-ի աղետի օրը։ Պատմում է՝ երկրաշարժին Ախուրյանի Վոդխոզում աշխատանքի է եղել: «Բուտկայում էի, դուրս վազեցի, հասա պառավիս գործի տեղ, հիվանդանոցում բուժքույր էր։ Չգնայի, չտեսնեի․․․վիրավոր էր։ Դրանից էլ գնաց»,- հուզված պատմում է պապը։
Հիշում է անցած-գնացած լավ օրերը, երբ իր հարազատ՝ «Ֆանտանի» թաղամասը երջանիկների հավաքատեղին էր։
«Հիմա կյանքն էլ առաջվանը չէ, չկարողացան վերականգնել այս մի փոքր քաղաքը,- նեղսրտում է պապը,- ով էգավ՝ ըսեց կվերականգնենք։ Գուկան՝ կուդեն-խմեն, կուռին-տռզին ու կերտան, էլ ոչ մի բանի չենք հավատա»։
Գառնիկ պապին հարցնում ենք՝ հույս ունի՞, որ մի օր քարաշեն, տաք տուն կունենա։ Անսպասելի վրդովվում է հարցից։
«Ջհանդամ ունենամ, տունն ի՞նչ կենեմ, ընձի տուն պետք չէ։ Կարեւորն էն է՝ սահմանին զինվոր չզոհվի, էդքան մատղաշի կորած կյանքի կողքին ի՞նչ տուն»,- հուզվում է պապը։
Դուրս է գալիս մեզ ճանապարհելու, համ էլ արեւի վերջին շողերից մի փոքր կտաքանա․․․
Նշենք, որ Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված եւ ոլորտի պատասխանատուների հետ համաձայնեցված տեղեկության համաձայն՝ մարզի 22 քաղաքային եւ գյուղական համայնքներում 3495 ընտանիք ապրում է թիթեղյա եւ փայտյա տնակներում։
Գյումրիում տնակներում փաստացի բնակվող ընտանիքների թիվը 2813 է։
Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ պայմանավորվածություն ունեն քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարի հետ, առաջիկայում քննարկելու են մարզում անօթեւանների լուծում չստացած հարցերը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։