ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ԼՂՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների ու բազմազավակ ընտանիքների համար։
Մարդասիրական բեռը հավաքել են Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունները։ Բեռը Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երեւան, այնուհետեւ` Ստեփանակերտ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը նշել է, որ բեռը Ստեփանակերտում՝ ՌԴ պաշտպանության նախարարության պահեստում է։ Նա նշել է, որ Ստեփանակերտ է բերվել 5 հազար խաղալիք՝ Ամանորին երեխաներին նվիրելու համար, նախատեսվում է բերել եւս 5 հազարը դեկտեմբերի 9-ին: Բացի դրանից` բերվել է ԼՂ մանկապարտեզների համար նախատեսված կահույք։ «Այս ամենը հնարավոր է դարձել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի շնորհիվ, նրանց հետ համատեղ իրականացված բեռների առաքման միջոցով»,- ընդգծել է Իվանովը։
Մարդասիրական օգնության բեռների մեջ կան նաեւ տաք սպիտակեղեն, կարիքավորների համար նախատեսված հագուստ եւ կոշիկ, ինչպես նաեւ գրենական պիտույք դպրոցականների համար:
Խաղաղապահները մեկ տարվա ընթացքում մոտ 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել ԼՂ բնակիչներին։